Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետն անդրադարձել է Թռչկանի ջրվեժի խնդրին եւ քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթի ներդրմանը

Նոյեմբեր 03,2011 12:45

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Առաջարկում եմ մեկ հարց ևս ընդգրկենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որը վերաբերում է Թռչկանի ջրվեժին։ Մենք ունենք Կայուն զարգացման ազգային խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, բնապահապանական շարժման ներկայացուցիչները։ Տեղյակ եք, որ վերջին շրջանում ջրվեժի խնդիրը դարձել է նրանց ուսումնասիրության առարկան։ Մասնավորապես, նրանք ահազանգում են, որ Թռչկանին վտանգ է սպառնում և այն որոշումները, որոնք կառավարությունը կայացրել է, մասնավորապես, հողահատկացումները ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, վտանգում են ջրվեժի ապագան։ Բնապապանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության Նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն՝ մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք։ Չնայած դրան՝ բնապահապանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց։ Որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ պարագայում արդեն նաև պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որևէ վտանգ չի սպառնա ջրվեժին և այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն։ Այդ իսկ պատճառով էլ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածք կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից։ Եթե համաձայն եք, ապա կառավարության այսօրվա որոշումով համապատասխան հանձնարարականներ կտանք փոխվարչապետին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված։

Եվ երկրորդը հարցը, հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել պետական ծառայողների համար սոցիալական ապահովության փաթեթի ստեղծմանը։ Հայաստանում մենք այսպիսի ծրագիր առաջին անգամ ենք իրականացնում, և բազմաթիվ հարցեր են առաջանում ինչպես պատգամավորների, այնպես էլ պետական ծառայողների մոտ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սոցիալական ապահովության փաթեթը։ Դրա համար կխնդրեմ պարոն Գաբրիելյանին պարզաբանումներ ներկայացնել, թե ինչպիսին է փաթեթը, և ինչպես են մեր քաղծառայողներն օգտվելու դրանից։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան    – Պարոն վարչապետ, փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար։ Քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կկատարի համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը։ Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր և իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը։ Երկրորդ ուղղությունը, որն առաջարկվում է փաթեթով, հիփոթեքային վարկերի համար տոկոսադրույքների վճարումն է։ Ընդ որում, հիփոթեքային վարկերը վերաբերում են ոչ միայն բնակարանի ձեռքբերմանը, այլև վերանորգման ընթացիկ վարկերին։ Երրորդ ուղղությունը կրթությունն է, չորրորդը՝ հանգիստը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Բոլոր դեպքերում մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան։ Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որևէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե՝ ոչ։ Կլինեն ստանդարտ ծրագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում նշված  կլինեն բոլոր այն  հաստատությունները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթության նախարարությությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը կհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների և առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները։ Բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տրվող ընկերությունների ծառայություններից։ Չորրորդ ուղղության համապատասխան՝ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատսախանում է փաթեթով նախատեսված և Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն։

Մեխանիզմը ենթադրում է քաղծառայողներին հնարավորին չափ զեծ պահել բյուրոկրատիայից։ Ծրագրերն ուղղված են լինելու սոցիալական ապահովության ծախսերին։ Այժմ ճշտում ենք վերջնական շահառուների քանակը։ Փաթեթն առնվազն կտարածվի պետական համակարգի 100 հազար աշխատակիցների վրա։              

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ այդ 18 մլրդ դրամը, որ մենք հատկացնում ենք, հավասար չափով հասնում է շուրջ 100 հազար պետական ծառայողների: Այսինքն` մենք հավասարաչափ ենք բաշխում` անկախ նրանից, թե նրանք ինչ պաշտոնական դիրք են զբաղեցնում և ինչ աշխատավարձ են ստանում, բոլորին հավասարաչափ հասնելու է այս սոցիալական փաթեթը: Դա նշանակում է, որ պաշտոնական աստիճանի ավելի ցածր մակարդակի վրա գտնվողների  և ավելի ցածր եկամուտ ստացողների համար այս սոցիալական փաթեթն ունենալու է էական նշանակություն, նրանց համար էական փոփոխություն է տեղի ունենալու:

Հարգելի գործընկերներ, կա երկրորդ կարևոր առանձնահատկությունը, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել: «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի շրջանակներում մենք ունեինք մի խումբ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում մենք կարող ենք ակնկալել, որ նաև նոր ծրագիր կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում: Այդտեղ մենք ունեինք խնդիրներ առողջապահության, կրթության ֆինանսավորման հետ, թե մեկ շնչին ընկնող տեսակետից մենք ինչքան գումար ենք ծախսում, և այդ տեսակետից էլ այս սոցիալական ապահովության փաթեթի ներդրումը թիրախավորում է այն առաջնահերթությունները, որ առաջ են քաշում մեր քաղաքացիները: Մասնավորապես, նաև Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներն առաջին տեղում դնում են առողջապահության ֆինանսավորման խնդիրը, երկրորդ տեղում` կրթությունը, երրորդ տեղում` չունևորներին օգնություն ցույց տալը, չորրորդ տեղում` կենսաթոշակների աճը և հինգերորդ տեղում` բնակարանային ապահովումը: Դա նշանակում է, որ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով մենք այս 5 թիրախներն էլ մեզ համար ֆիքսում ենք որպես նպատակ, քանի որ բյուջեի նախագծով մենք ավելացնում ենք և՛ թոշակները, և՛ սոցիալական նպաստները, իսկ այս սոցիալական ապահովության մենք առողջապահական ապահովագրական փոլիսներ ենք տրամադրում, ինչպես նաև կրթության համար վճարումներ իրականացնելու հնարավորություն:

Այս սոցիալական փաթեթի երրորդ կարևորագույն առանձնահատկությունը և դրական կողմը կայանում է նրանում, որ այն չի բերում գնաճային ճնշումներ:

Չորրորդը` պետության կողմից զանգվածային փոլիսների գնման պարագայում մենք իրականացնում ենք նաև խնայողություններ, որովհետև կարողանում ենք էժան ձեռք բերել այդ սոցիալական ապահովագրական փոլիսները, և դա նաև իր մեջ պարունակում է տնտեսական աճի մեծ ներուժ: Այսինքն` այս սոցիալական փաթեթի բոլոր ուղղությունները, մի կողմից, խթանելու են տնտեսական աճը, մյուս կողմից` կրճատելու են ստվերային տնտեսությունը և նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը:

Այս առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք այսպիսի նոր ինստիտուտ: Հասկանալի է, որ երկրորդ, երրորդ տարիների ընթացքում այն ավելի կկատարելագործվի, և մեր քաղաքացիների և ծառայություն մատուցողների կողմից այս մեխանիզմները կլինեն առավել արդյունավետ: Սա նոր ինստիտուտ է, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մանրակրկիտ մեր պետական ծառայողներին բացատրենք, թե ինչպես նրանք կարող են օգտվել այս հնարավորություններից, որ ընձեռում է այս փաթեթը: Կխթանի տուրիզմի զարգացումը և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Լեռնային Ղարաբաղում: Դուք հիշում եք` մենք Լեռնային Ղարաբաղում տուրիզմը խթանելու համար ձևավորել էինք տուրիստական փաթեթներ, որը ներառում էր տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, երեք անգամ սնունդ օրվա ընթացքում, տուրիստական ծրագիր, և այդ ամենը տեղավորվում էր մինչև 120 հազար դրամի մեջ յոթ օրվա հաշվարկով: Նմանատիպ տուրիստական ուղեգրերը կարող են ֆինանսավորվել այս փաթեթի շնորհիվ:

Հարգելի գործընկերներ, ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամներին, մասնավորապես, Կարինե Դանիելյանին, ինչպես նաև «Բուրգ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Արման Վերմիշյանին, ովքեր շատ հետևողական են իրենց աշխատանքներում և արդյունավետ համագործակցում են մեզ հետ բնապահպանական խնդիրները լուծելիս: Դուք հիշում եք, որ նախորդ հարցը, որ նրանք բարձրացրել էին, վերաբերում էր Խոսրովի անտառների տարածքներին, և այնտեղ նույնպես կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտություն կար, որպեսզի մեր բնապահպանները վստահ լինեին, որ այդ պահպանվող հողատարածքներին վտանգ չի սպառնում: Սա էլ երկրորդ քայլն է, որը մենք մեր գործընկերների առաջարկությամբ իրականացնում ենք: Կարծում եմ` այս համագործակցությունից մենք բոլորս շահում ենք:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930