Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արմեն Մելիքյանը վստահեցնում է, որ մանդատից հրաժարվելու իր որոշման մեջ չկա քաղաքական ենթատեքստ:
– Պարոն Մելիքյան, պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին լուրերը բավականին ուշացումով հայտնի դարձան, Դուք, փաստորեն, բավականին գաղտնապահ եք. խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞վ էր պայմանավորված Ձեր այս անսպասելի քայլը:
– Ոչ մի արտառոց բան չկա, եւ խնդրում եմ, դուք էլ ոչինչ մի փնտրեք, իրականությունն այ
ն է, որ ես, ինչպես եւ ցանկացած քաղաքացի, ունի գիտական, դասախոսական աշխատանքով զբաղվելու իրավունք, որով եւ զբաղվում եմ: Երեւանի պետական բժշկական համալսարանում դարձել եմ էնդոսկոպիկ եւ էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ եւ այժմ դրանով եմ զբաղվելու: Նպատակահարմար գտա առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցել եւ ԱԺ պատգամավորի մանդատս վայր դրեցի այն պատճառով, որ դարձել եմ ամբիոնի վարիչ: Այս պահին ավելի նպատակահարմար գտա զբաղվել գիտական եւ դասախոսական աշխատանքով:
– Ուզում եք ասել, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա՞ Ձեր այս հրաժարականի հիմքում:
– Իհարկե՝ չկա, թեպետ շատ լավ հասկանում եմ, որ հիմա շատերը կփորձեն մանդատից իմ հրաժարումը կապել քաղաքականության հետ, քանի որ նորություն չէ, որ ցանկացած հրաժարական մարդիկ փորձում են կապել քաղաքականության հետ: Ինչ խոսք, քաղաքական գործիչները նաեւ հրաժարականներ են տալիս, եւ սա նույնպես բնական է, բայց իմ պարագան իրոք ուրիշ է: Իմ դեպքը բոլորովին այլ է՝ ես գնում եմ գիտությամբ եւ դասախոսությամբ զբաղվելու:
– Դուք Ձեր հետագա գործունեությունը փաստորեն կապում եք գիտության, մանկավարժության, բժշկական գործունեության հետ, եւ դա որքա՞ն ժամանակի համար, արդյոք այդ որոշումը հետագա ամբողջ կյանքի համա՞ր է:
– Առայժմ ես որոշում եմ կայացրել, որ կոնկրետ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու. սա է իրականությունը:
– Դուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եք նաեւ այսօ՞ր, թե՞ մանդատի հետ միասին հրաժարվել եք նաեւ կուսակցականությունից:
– Ոչ, նման բան չկա, կուսակցության անդամ եմ եւ մնում եմ անդամ:
– Վերջին երկու օրերի ընթացքում վերլուծություններ արվեցին այն մասին, թե Ձեր եւ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ որոշակի լարվածություն կա, եւ մանդատից հրաժարվելիս տեղի է ունեցել որոշակի առճակատում. այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը:
– Բոլորովին, նման բան չկա: Դա անհեթեթություն է, բացարձակ սուտ է, նման բան չկա, Դուք նման հարց կարող եք ուղղել նաեւ Գագիկ Ծառուկյանին, ես համոզված եմ՝ իմ ասածից ավելի ասելու բան չկա, եւ դա ճշմարտություն է: Ուղղակի ես իրեն տեղեկացրի, որ ցանկանում եմ դադարեցնել իմ պատգամավորական լիազորությունները, վայր դնել մանդատը:
– Այդուհանդերձ, պատճառները մի քիչ անհասկանալի են:
– Իսկ ի՞նչ կա անհասկանալի: Պատճառները ինձ համար շատ պարզ են՝ սկսվում է նախընտրական շրջան, որին ես ինքս չեմ ուզում մասնակից լինել: Գուցե իմ փոխարեն կգա մի ուրիշ մարդ, ով կկարողանա ավելի լավ աշխատել, իրեն դրսեւորել նախընտրական պայքարում: Սա է եղել:
– Հնարավո՞ր է, որ Ձեր՝ մանդատից հրաժարվելը կապված լինի տարածված այն լուրերի հետ, թե վաղ թե ուշ ԲՀԿ-ն, միեւնույն է, դառնալու է ընդդիմություն, իսկ Դուք Ձեզ չեք տեսնում ընդդիմադիր դաշտում: Այս «նուրբ» քաղաքական վիճակի հետ կարո՞ղ է կապված լինել Ձեր որոշումը:
– Այն ժամանակ, երբ ես դարձա ԲՀԿ անդամ, ԲՀԿ-ին տեսնում էի բացառապես իշխանական դաշտում, եւ նաեւ այդ պատճառով ես համաձայնություն տվեցի եւ անդամակցեցի այդ կուսակցությանը: Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե պետք է լինեմ մյուս թիմում, չնայած մյուս թիմում ես ունեմ բազմաթիվ ընկերներ, ինչպես եւ բազմաթիվ ընկերներ ունեմ այս թիմում:
– Դուք մյուս թիմ ասելով նկատի ունեք ընդդիմությա՞նը:
– Նաեւ ընդդիմությանը, իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության մեջ չեն կարող լինել գրագետ, խելացի եւ երկրի համար մտահոգ մարդիկ: Բայց ես ինձ այնտեղ չեմ տեսնում, եւ երբեք դա չի լինի:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ