ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն էլ է կարծում, որ ԱԺ նախագահի հրաժարականը «դավադրությունների տեսության» շարքից է:
Երեկ ՀՀ խորհրդարանի նախագահ եւ ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը փորձել է պարզաբանել, թե ինչու է որոշել առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկը ստանալուց հետո հրաժարվել ԱԺ խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ ըստ ՀՀԿ պաշտոնական աղբյուրների՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալու նախաձեռնությունը հենց Հովիկ Աբրահամյանինն է եղել: Վերջինս երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է. «Նախագահը, կուսակցությունը եւ ես նույնպես, ելնելով փորձից, կարեւորում ենք նախընտրական շտաբի կարեւորությունը, դրա համար ես չեմ ուզում համատեղել այս երկու աշխատանքը, չեմ ուզում նաեւ ստվեր գցել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի վրա եւ ինչ-որ տեղ գտնում եմ, որ կուսակցության, մեր թիմի համար կարեւոր է 2012 թվականի ընտրությունների արդյունքը:
Եվ գտնում եմ, որ ճիշտ է այնտեղ աշխատեմ եւ իմ բոլոր ուժերը նվիրեմ այդ աշխատանքին: Սա է, որեւէ այլ նպատակ չկա: Եվ նորից եմ ասում՝ ես ուզում եմ ապացուցել, որ աթոռից կառչած չեմ, ես կարող եմ առանց ԱԺ նախագահ լինելու կառավարել, ղեկավարել շտաբը եւ հաջողություններ ունենալ»:
Այսուհանդերձ, ինչպես այս պարզաբանումների նախօրեին, այնպես էլ դրանից հետո քաղաքական եւ լրագրողական շրջանակներում կասկածներ կան, թե Հ. Աբրահամյանի հրաժարականը ոչ թե նրա կամավոր, այլ իրեն պարտադրված որոշման արդյունք է, որը պայմանավորված է առաջիկա ընտրությունների շեմին Սերժ Սարգսյանին ավելի վստահելի մարդկանցով շրջապատելու եւ առանցքային պաշտոնները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «շոշափուկներից մաքրելու» անհրաժեշտությամբ:
Այս իմաստով Հովիկ Աբրահամյանի պարզաբանում-փաստարկները համոզիչ չի համարում նաեւ նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, իսկ այսօր ընդդիմադիր գործիչ, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նման հեքիաթներն արդիական չեն: Իսրայելում, օրինակ, այդ երկրի վարչապետը վերջին ընտրությունների ժամանակ ընտրվեց ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, եւ ոչ մեկի մտքով չանցավ վիճարկել այդ ընտրությունների արդյունքները: Իսկ Հայաստանի պես երկրում, որտեղ ընտրությունների ժամանակ, ոչ ավել-ոչ պակաս, ընտրատեղամասերից վստահված անձանց են առեւանգում, խոսել այն մասին, թե ավելի բարոյական է պաշտոնաթող լինել եւ նախընտրական շտաբ ղեկավարել՝ ես լուրջ չեմ համարում»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:
Իհարկե, վերջինիս հիշեցրինք, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի բացատրության մեջ չի էլ շեշտում, թե բարոյական տեսանկյունից է հրաժարական ներկայացրել, այլ պնդում է, թե 2012-ի ընտրությունների արդյունքներն են ՀՀԿ-ի համար շատ կարեւոր, եւ ինքն ուզում է կենտրոնանալ դրա վրա, որովհետեւ նախընտրական կազմակերպչական գործընթացները երկար եւ ծանր աշխատանք են պահանջում: «Ես հենց դրա համար Իսրայելի օրինակը բերեցի: Եթե մենք Իսրայելի նման երկրում ապրեինք, որտեղ մեկ ձայնն անգամ նշանակություն ունի ընտրությունների արդյունքի համար, այո՛, այդ դեպքում նախընտրական շտաբի պետը, իրոք, ժամանակ չի ունենա ե՛ւ ԱԺ խոսնակ լինել, ե՛ւ նախընտրական շտաբ ղեկավարել: Բայց երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, որտեղ ընտրությունների ելքը ոչ թե քաղաքական ուժերի կատարած աշխատանքով է որոշվում, այլ հանցագործների կողմից մարդկանց ահաբեկելով եւ վստահված անձանց առեւանգելով, ընտրակեղծիքներ անելով՝ նման ընտրություններին իշխանություններին ընդհանրապես շատ երկար պատրաստվել պետք էլ չի: Կգան քվեարկությանն անմիջապես նախորդող երկու օրերը, ու իշխանությունները կհավաքեն հանցագործներին, մեկ-երկու հրահանգներ կտան եւ ընտրություններ կանեն»,- մեր դիտարկմանն առարկեց Գ. Եղիազարյանը:
Նա կարծիք հայտնեց, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ավելի շուտ պայմանավորված է ներիշխանական խմորումներով: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք հավատում դավադրությունների՝ Ռոբերտ Քոչարյանի «մարդկանցից» ազատվելու մասին տեսությանը, ՍԴՀԿ ներկայացուցիչն ասաց. «Ոչ միայն դավադրությունների տեսությանն եմ հավատում: Ես ավելի հակված եմ կարծելու, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ լրջագույն խնդիրների առջեւ է կանգնած, որոնք լուծելու համար պետք է իր թիկունքն ապահով լինի»:
Ընդդիմադիր գործչի ասելով, այդ լրջագույն խնդիրը կապված է այն մարտահրավերների հետ, որոնք ծառացել են մեր երկրի առջեւ. «Ոմանք մեզնից բան ունեն ստանալու եւ կստանան: Դրա համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է իրեն ավելի վստահելի մարդկանցով շրջապատել»: Իսկ որ կառավարման համակարգում վերջին շաբաթներին տեղի ունեցող կադրային տեղաշարժերը մեր հասարակության խնդիրները չեն լուծում եւ դրան միտված էլ չեն՝ Գ. Եղիազարյանը համոզված է:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ