Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 1968 թվականին հիմնադրված Ագարակի արվեստի մանկական դպրոցին 2009 թվականին միացան քաղաքում գործող երեք գրադարանները եւ ձեւավորվեց «Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը՝ ՀՈԱԿ:
1968-ից հետո դպրոցը տվել է 600 շրջանավարտ, շատերն ուսումը շարունակել են Կապանի, Երեւանի, Վանաձորի, Արարատի, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարաններում կամ Երեւանի կոնսերվատորիայում:
Սակայն, ինչպես տեղեկացանք Ագարակի քաղաքապետարանից, եթե նախկինում դպրոցի շրջանավարտներից 6-8-ն էին ուսումը շարունակում , ապա այժմ սովորող 200-ից՝ ընդամենը մեկը: Պատճառը ուսումնական նյութերի, մասնավորաբար դասագրքերի անբավարար որակն է ու քանակը: Գրքերը հին են, քրքրված են, պատառոտված, տեղ-տեղ անհաջող վերանորոգված, դարձել են դժվարընթեռնելի, ոչ հիգիենիկ վիճակում են: Գրքերի անբավարար քանակի հետեւանքով մեկ դասագրքով դաս է պատրաստում 5-6 երեխա ու հաճախ սաներից շատերը դասին ներկայանում են անպատրաստ: Այս ամենն ազդում է ուսման որակի վրա:
Քաղաքի երիտասարդները հաջողել են հովանավորների օգնությամբ որոշ դասագրքեր գնել, սակայն խնդիրը դեռ կա. «Ագարակի արվեստի դպրոցին» դեռ դասագրքեր են պետք: Դպրոցում կգոհանան, եթե ձեր տան մի անկյունում պահված ու չօգտագործվող մասնագիտական դասագիրքը նվիրեք իրենց:
Կարդացեք նաև