Ամերիկացի վետերաններն իրենց համերաշխությունն են հայտնել արդեն երկու ամիս ԱՄՆ ֆինանսական համակարգից իրենց դժգոհությունը հայտնող «Զավթի’ր Ուոլ- սթրիթը» շարժման մասնակիցների հետ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Իրաքում, Աֆղանստանում, Վիետնամում եւ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմների ավելի քան հարյուրավոր մասնակիցներ երթի են դուրս եկել` ի նշան բողոքի երկրում սոցիալական անհավասարության, գործազրկության եւ կորպոռացիաների ագահության դեմ:
Չորեքշաբթի կեսօրին վետերանները հավաքվել են Նյու-Յորքի ֆինանսական թաղամասում: Նրանցից շատերը բողոքի ցույցին ներկայացել են զինվորական համազգեստներով: Երթը շարունակվել է շուրջ մեկ ժամ եւ աշխարհի ամենախոշոր առեւտրի հարթակում` Նյու-Յորքի ֆոնդային շուկայի մոտ, վերածվել ցույցի: Նախկին զինվորականները շարքերով անցել են եւ վանկարկել «քաղաքացիական» ցուցարարներից փոխառված կարգախոսներ` «Մենք վետերաններ ենք, մենք 99 տոկոս ենք», «Կորպոռացիաների եկամուտներն աճում են, իսկ զինվորները շարունակում են մեռնել, արյունաքամ լինել»:
«Մենք արդեն ծառայել ենք զինված ուժերում եւ հիմա հիանալի հնարավորություն ունենք վերադարձնելու մեր պարտքը հասարակությանը` մասնակցելով քաղաքացիական շարժմանը»,- հայտարարել է «Իրաքի վետերաններն ընդդեմ պատերազմի» կազմակերպության նյու-յորքյան մասնաճյուղի ղեկավար Էնդրյու Ջոնսոնը:
Սեպտեմբերի 17-ից սկսված բողոքի ցույցերին պատերազմի վետերանների մասնակցությունը զգալիորեն մեծացել է հատկապես այն բանից հետո,երբ ցույցերից մեկի ժամանակ ոստիկանության աշխատակցի կողմից ցուցարարների վրա նետված արցունքաբեր գազի կապսուլան ընկել էր նախկին ծովային Սկոտտ Օլսենի գլխին եւ վնասվածքներ էր պատճառել վետերանին: