Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը հեքիաթի կարիք ունեն

Նոյեմբեր 02,2011 00:00

Այդ պատճառով էլ Հալոուին են նշում

\"\"Հոկտեմբերի վերջին օրերին քաղաքը լցվել էր այլմոլորակայիններով՝ ամենուր վամպիրներ էին, կենդանի դիակներ, արյան մեջ թաթախված մարդիկ, վհուկներ. Երեւանը Հալոուին էր նշում:
Հայտնի է, որ Հալոուինը կաթոլիկ աշխարհի տոն է: Վաղ միջնադարում կաթոլիկ եկեղեցին նոյեմբերի առաջին երկու օրերը հայտարարել է բոլոր սրբերի եւ հանգուցյալների հիշատակության օր: Աշխարհի բոլոր երկրներում ընդունված է նշել Հալոուինը: Այդ օրը մարդիկ հագնում են սարսափազդու զգեստներ, դիմակներ, վախեցնում մեկը մյուսին: Երեխաների համար տոնն այլ բնույթ ունի՝ երեխաները պարկերը ձեռքներին, դիմակավորված շրջում են տնետուն, վախեցնում մարդկանց եւ դրա դիմաց քաղցրավենիք պահանջում տանտերերից: Տոնը բնութագրվում է նաեւ դդումով, որը ձեւավորում են վախ առաջացնող դեմքով եւ լուսավորում մոմերով: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այս օրերին քաղաքները զարդարվում են դդումներով: Օրինակ՝ ԱՄՆ-ում այս տոնը համահավասար է Ամանորին, որը հիմնականում նշվում է ակումբներում, ժամանցի վայրերում: Եվրոպայում Հալոուինը ընտանեկան տոն է համարվում եւ նշվում է տանը, ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ:
\"\"Թե ինչպես եւ որտեղ են նշում հայերը այս տոնը, պարզեցինք հենց նրանցից: Օրինակ՝ «Just cofe»-ի կազմակերպած երեկույթի մասնակից Լիլիթը, ով թագուհու կերպարով էր ներկայացել, մեզ հետ զրույցում ասաց. «Իրականում սա հայ երիտասարդության համար միայն զվարճանալու միջոց է: Անցյալ տարիների համեմատ արդեն սկսել ենք լուրջ վերաբերմունք ցուցաբերել այս տոնին՝ դա երեւում է հագուստներից: Բայց չենք եկել այստեղ միմյանց վախեցնելու, ինչպես տոնի իմաստն է: Զվարճանում ենք՝ հեքիաթային կերպարների քողի տակ»: Երգչուհի Ջուսը նույնպես գտնում է, որ Հալոուինը առիթ է երիտասարդների համար կրկին մեկտեղվելու եւ ուրախանալու. «Սա մի տոն է, որը սիրվել է ամբողջ աշխարհում, որից հետ չի մնացել նաեւ Հայաստանը: Ըստ իս, մեր կողմից տոնի սիրված լինելը պայմանավորված է նրանով, որ հայերս միշտ կարիք ունենք հեքիաթի: Մարդկանց սովորաբար հետաքրքիր է փորձել՝ լինել ուրիշի կերպարում, կրել դիմակ, այսինքն՝ պահել իրենց այնպես, ինչպես տվյալ կերպարը: Այս տոնը տալիս է այդ հնարավորությունը: Հալոուինը այստեղ արդեն շատ լավ է նշվում, ինչը գովելի է: Գրեթե բոլոր երեւանյան ակումբներն այդ օրերին կազմակերպում են երեկույթներ: Ինձ դուր չի գալիս միայն այն, որ դրանց վերջում միշտ կռիվ է լինում»:
Բլոգեր Կամո Թովմասյանը Հալոուինը տոնում էր «Jose» համալիրում: Ըստ նրա՝ «Հայաստանում այս տոնը հետաքրքիր չի անցնում, քանի որ այստեղ այն ավելի շատ դիմակահանդեսի է նման: Այստեղ Հալոուինը նշում են մինչեւ 21 տարեկանները, իսկ դրանից բարձրները այնքան էլ ազատ չեն, որ դիմակներ կրեն եւ փողոց դուրս գան»:
Զրուցեցինք նաեւ հոգեբան Սուսաննա Հակոբյանի հետ, որի բնութագրմամբ՝ Հալոուինը բացասական տոն է, չպետք է ընդգրկվի հայկական կենցաղ. «Սա կարելի է համարել բացահայտումների տոն, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով տոնի համար ընտրում է իր կերպարը, դիմակը, իրականում ի ցույց է դնում իր իրական «ես»-ը: Չեմ կարծում՝ բարի մարդը կարողանա իրեն լավ զգալ արնաթաթախ վամպիրի կամ վհուկի կերպարում: Ի վերջո, սա ընդօրինակած տոն է, եւ յուրաքանչյուր այդպիսի երեւույթ, միեւնույն է, կրում է բացասական նպատակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել