Մայր թատրոնում անցկացված բոդիբիլդինգի՝ Գագիկ Ծառուկյանի գավաթի երրորդ խաղարկությանը մասնակցեցին հիմնականում Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 27 ներկայացուցիչներ:
Բոդիբիլդինգը համեմատաբար վերջերս է սկսել հանրապետությունում զարգացման իրական թափ հավաքել: Ու ինչպես ցույց տվեց մրցումը, մարզված մարմին ունենալու ցանկություն արդեն ունի նաեւ գեղեցիկ սեռը, որի ներկայացուցիչը հանդես եկավ ցուցադրական մրցելույթով:
Իսկ տղամարդկանց մասնակցությամբ հիմնական պայքարն անցավ հետեւյալ անվանակարգերում. ըստ անձնական քաշի (-70, -80, -90 կգ), բացարձակ (+90 կգ) եւ հասակի (-170, -180, +180 սմ): Երկրորդ մրցաձեւն ուներ իր խիստ պահանջները, ըստ որոնց՝ տվյալ հասակն ունեցող մարզիկի համար սահմանված էր թույլատրելի առավելագույն անձնական քաշ: Ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Հակոբյանի մեկնաբանմամբ՝ դա արված է հնարավոր դոպինգ օգտագործելուց խուսափելու համար: Պայքարի ավարտին մրցավարական հանձնաժողովն ըստ անվանակարգերի հաղթող ճանաչեց հետեւյալ բոդիբիլդերներին.
Ըստ հասակի.
-170 սմ՝ Արման Մանուկյան
-180 սմ՝ Սերգեյ Ասատուրով
+180 սմ՝ Ալեքսան Սիմոնյան:
Ըստ անձնական քաշի.
-70 կգ՝ Վահե Գրիգորյան
-80 կգ՝ Ռոման Մանուկյան
-90 կգ՝ Վադիմ Մորոզով
+ 90 կգ՝ Գագիկ Տոնոյան:
Բացարձակ.
Գագիկ Տոնոյան:
Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան դիպլոմներով, գավաթներով, մեդալներով եւ Գագիկ Ծառուկյանի սահմանած դրամական խրախուսական մրցանակներով:
Գեւորգ Հակոբյանը տեղեկացրեց, որ հայ բոդիբիլդերներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կմասնակցեն Թբիլիսիում կամ եվրոպական երկրներում կայանալիք միջազգային մրցաշարերի, ինչը դեռ պետք է հստակեցվի: Ու նաեւ ավելացրեց, որ ապագայում նախատեսվում է Հայաստանում Գագիկ Ծառուկյանի սահմանելիք խոշոր մրցանակային ֆոնդով համահայկական առաջնություն կազմակերպել, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակից լավագույն բոդիբիլդերները: Այդ ժամանակ էլ կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որն արդեն կմասնակցի պաշտոնական առաջնությունների: