Արման Նավասարդյանն ու հետաքրքրաշարժ դիվանագիտությունը
Լույս է տեսել արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտական մատենաշարի» «Հերմեսից մինչեւ մեր օրերը» գիրքը: Առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, նկարները Վահե Գասպարյանինն են: Հեղինակը գիրքը նվիրել է տիկնոջը՝ Լաուրային: Ա. Նավասարդյանը գրքում հանրամատչելի ներկայացրել է դիվանագիտությունը՝ իր գրված եւ չգրված օրենքներով, կարեւորել դիվանագետի վարվեցողությունն ու բարեկրթությունը, արժեւորել քաղաքացիական պարտքի զգացումը, երկրի եւ պետության դերի բարձր գիտակցումը: Հեղինակը գիրքը հասցեագրել է ընթերցողների լայն շրջանակին ու կարծում է, որ այն օգտակար կլինի մասնավորապես դիվանագիտության «այբուբենն» ուսումնասիրող սկսնակներին:
«Հայ իրականության մեջ առհասարակ անդրադարձ չի եղել դիվանագիտության՝ որպես քաղաքակրթական եւ մասնագիտական բնագավառի պատմությանը, առավել եւս դրա արժեւորմանն ու տեսական գնահատմանը: Հավանաբար, այդ պետք է սկսել դիվանագիտական արվեստի հոգեբանական եւ բարոյաէթիկական վերլուծությունից ու ճանաչողական մղումից, որը ակնհայտորեն մեկնում է Արման Նավասարդյանի սույն աշխատությունը»,- գրել է Ա. Խառատյանը:
Ա. Նավասարդյանի համոզմամբ՝ դիվանագիտությունն ու մարդկությունը երկվորյակ եղբայրներ են: Ըստ նրա, դիվանագիտության պատմությունը սկսվել է այն պահից, երբ մի ցեղապետ որոշել է լսել իր մոտ եկած բանբերին՝ նախքան նրան ուտելու ազդանշան տալը: Հեղինակը հետաքրքիր օրինակներ է բերում՝ վկայակոչելով պատմական փաստերը. «Հին Հռոմում դեսպանների արած-չարածը քննում էր Սենատը (մենք կարո՞ղ ենք արդյոք թեկուզ երազում տեսնել մեր դիվանագետների հաշվետվությունները Ազգային ժողովում)…Պարսից արքա Արտակսերքսեսը, օրինակ, բանակցությունների ժամանակ թանկարժեք ընծաներ էր տվել Աթենքի դեսպան Թիմագորոսին: Ձեռքի հետ էլ հավաքագրել: Վերջինիս մեղադրեցին պետական դավաճանության մեջ ու գլխատեցին»: Նա նշում է, որ պատմությունը դեսպանների մահապատիժների ուրիշ դեպքեր էլ է արձանագրել Հին աշխարհի դիվանագիտական պրակտիկայում: Արման Նավասարդյանը ապագա դիվանագետներին մի շարք խորհուրդներ է ուղղել գրքում, դրանից ամենակարեւորը չվրիպելու խորհուրդն է. «Վրիպելը հակացուցված է դիվանագետին, ասել կուզի՝ նրա ներկայացրած երկրին: Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է: Երկուսն էլ սխալվում են միայն մեկ անգամ»: