«Մարդահամար-2011»-ին մասնակցելու կոչը քաղաքացիներին առանձնապես չի ոգեւորել
Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, ինչը գովելի չէ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք՝ ինչը պախարակելի է:
Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի կոչը: Թե համապետական հանձնաժողովը, թե մարզային հանձնաժողովները դիմեցին հանրապետության բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, եւ խնդրեցին, որ այս քաղաքացիները այդ մասին մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման որեւէ հանձնաժողովի դիմեն մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Թե անտարբեր ու անբարեխիղճ աշխատած, դրանով պետական կարեւոր միջոցառման արդյունքները կասկածի տակ դրած հաշվարարները ինչ վերաբերմունքի կարժանանան, խստության ինչ աստիճանով կպատժվեն՝ թող որոշեն ՀՀ կառավարությունում կամ Ազգային վիճակագրական ծառայությունում:
Մենք փորձեցինք ճշտել, թե քաղաքացիական անտարբերության պայմաններում անցած մարդահամարից հետո որքանո՞վ են ակտիվացել քաղաքացիները:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Արմավիրի մարզային գործակալությունում պատասխանատուներից մարդ չկար: Տեղեկություններ տարածելու իրավունք չունեցող կնոջ մի ձայն ասաց, որ պատասխանատուները գյուղերում են:
Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության պետ Լյովա Մովսիսյանը ասաց, որ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողովի կոչին երկու արձագանք է եղել ընդամենը, որոնք ընթացք են ստացել:
ԱՎԾ Արարատի մարզային կառույցն էլ, ըստ գործակալության պետ Լեւոն Դավթյանի, երեք-չորս ահազանգ է ստացել, արձագանքել:
Գեղարքունիքի վիճակագիրները 3-4 զանգ են ստացել: Ըստ գործակալության պետ Հակոբ Բադալյանի, մարզում բոլորը բոլորին ճանաչում են, վերահսկողությունը բավականին բարձր էր, որակյալ աշխատանք է եղել, դրա համար էլ շատ քիչ բացթողումներ են եղել, որոնք էլ թյուրիմացություն են՝ ընտանիքի մի անդամը իրենց այցելած հաշվարարի հարցերին պատասխանել է, իսկ դրանից անտեղյակ մյուս անդամը՝ ահազանգել, թե իրենց չեն այցելել:
ԱՎԾ Լոռու մարզային գործակալությունից ասացին, որ 7 ահազանգ են ստացել: Գործակալության պետ Վրեժ Մանուկյանը ասաց, որ կամ հաշվարարներ է այցելել քաղաքացուն, կամ քաղաքացին է այցելել վիճակագիրներին: Ոչ մի ահազանգ անարձագանք չի մնացել:
Կոտայքի վիճակագիրները երեք զանգ են ստացել: ԱՎԾ Կոտայքի մարզային գործակալության պետ Վահագն Դավթյանն ասաց, որ երեք ընտանիք է իրենց դիմել, իրենք էլ նրանց հաշվառել են:
Շիրակի մարզում մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողովի կոչին արձագանքել է 16 քաղաքացի:
Վայոց ձորում եւ Սյունիքում վիճակագիրները իրենց կոչին ոչ մի արձագանք չեն ստացել: Գործակալության պետ Առուշան Ղազարյանը ասաց, որ եթե իրենց հայտարարած ժամկետից հետո քաղաքացիները դիմեն՝ վիճակագիրները բարյացակամ կընդունեն նրանց:
Տավուշում մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողովի կոչին արձագանքել է 20 քաղաքացի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը ասաց, որ բացի այս 20 հոգուն արձագանքելուց, գործակալությունը եւս 50 լրացուցիչ այց է կատարել՝ հիմնականում զինծառայողներ, մարզից դուրս սովորող կամ աշխատող քաղաքացիներ: Բոլորն էլ հաշվառվել են:
10 մարզում վիճակագիրների կոչին պատասխանել է 50-ից էլ պակաս մարդ:
Սեփական աշխատողների (թեկուզ պայմանագրային եւ ժամանակավոր) թերությունները վերացնելուն ուղղված կոչը, սակայն, այլ ենթադրություններ էլ է ծնում: Միգուցե արտագաղթը իրոք Հայաստանի բնակչությունը նվազեցրել է ազգային անվտանգությանը սպառնալու աստիճանի, միգուցե այնքան փոքր թվեր են ստացվել, որ վերեւների հավատը չի եկել, միգուցե ժամանակն է, որ հայաստանցիներին չլսող վերեւները լսեն սփյուռքի պնդումները, որ արտագաղթի ծավալները փոքր չեն:
«Մարդահամար-2011»-ի արդյունքները հրապարակվելու են 2012-ին, թե այսքանից հետո որքանով դրանք արժանահավատ կլինեն ու կերեւան՝ կերեւա… Այսօր երեւում է ցավալի մի իրողություն՝ տվյալների անհամապատասխանություն: Օրինակ, ՀՀ նախագահի, կառավարության, Ազգային ժողովի պաշտոնական կայքերի համաձայն, Հայաստանը 2001-ին ուներ 3,210 միլիոն բնակիչ, իսկ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքի՝ 3,002 բնակիչ:
Այսօրվա տվյալներով՝ մարզերում ապրում է մեկ միլիոնից էլ պակաս մարդ, ամենաշատը՝ Շիրակում՝ 358 հազար, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 55 800: