«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք»
Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը
Սկիզբը՝ նախորդ համարում
– Կարծում եք՝ կա՞ հնարավորություն բանակի խնդիրները հասարակության հետ միասին լուծելու:
– Քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներից, այդ թվում՝ տասնյակ հասարակական կազմակերպություններից ստանում ենք համագործակցության առաջարկություններ, բանակում առկա խնդիրները համատեղ կարգավորելու գործնական ծրագրեր: Մենք ընդունում, քննարկում եւ հավանության դեպքում կյանքի ենք կոչում հասարակական կառույցների առողջ առաջարկությունները: Մեծապես կարեւորում ենք նաեւ պաշտպանական գերատեսչությանն ուղղված կառուցողական քննադատությունը, քանզի այն օգնում է շտկելու առկա թերությունները: Բարձր ենք գնահատում բանակաշինությանը հասարակական աջակցություն ցուցաբերելու հարցում երկրի պաշտպանությամբ մտահոգ քաղաքացիների ու կազմակերպությունների գործնական քայլերը: Բանակի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար ներդրվել են ահազանգման ու բողոքարկման գործուն մեխանիզմներ, որոնց շնորհիվ, օրինակ, զորակոչի ենթակա քաղաքացին կարող է զորակոչի վերաբերյալ իր մտահոգությունները մանրակրկիտ քննարկել ու բողոքարկել, իսկ զինծառայողը կարող է իր իրավունքները պաշտպանել՝ ահազանգելով շուրջօրյա գործող վստահության հեռախոսահամարներով:
Իրականում այսօր բանակ-հասարակություն միջավայրում գոյություն ունի երկխոսության լայն դաշտ, որն ապահովվում է տասնյակ հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ստեղծագործական միությունների հետ համագործակցության եւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ի սկզբանե չեն այրում համագործակցության կամուրջները: Պաշտպանության նախարարությունը հասարակական կառույցների հետ համագործակցության մեծ փորձ ունի, եւ նոր ի հայտ եկած մի քանի կազմակերպություններ թող մեզ չվախեցնեն իրենց աղմուկ-աղաղակով, ավելի լավ է՝ ստեղծագործ աշխատանք կատարեն՝ փորձելով վաստակել հանրային եւ պետական աջակցություն:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ