Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը հասարակության հայելին չէ

Նոյեմբեր 02,2011 00:00

Բանակն առանձին համակարգ է, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ

\"\"

Հայկական բանակը շարունակում է մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դա նորմալ է, որովհետեւ հասարակությունը սովորաբար բուռն է արձագանքում այն խնդիրներին, որոնք իրենն է համարում: Այդպես մտածողներից մեկն էլ ընդդիմադիր գործիչ Հովհաննես Իգիթյանն է, որը «Առավոտի» հետ զրույցում նախընտրեց խոսել ոչ թե որպես քաղաքական եւ առավել եւս՝ ընդդիմադիր գործիչ, այլ շարքային քաղաքացի, որը ծնվել է կադրային զինվորականի ընտանիքում եւ իր կյանքի մի հատվածն ապրել է զորամասերում ու լավ է պատկերացնում բանակի կյանքն ու առօրյան, նրա խնդիրները, բայց այն, ինչ այսօր կատարվում է մեր բանակում՝ համարում է այլեւս տրամաբանության շրջանակներից դուրս երեւույթներ:
Թե ինչու են բանակում սպանություններ տեղի ունենում, ինչու է բանակը դարձել հասարակության թիրախը՝ Իգիթյանը սեփական բացատրությունն ունի. «Պարզ է, որ խնդիրն այսօր չի ծագել: Իշխանական ճամբարից այսօր հայտարարություններ են հնչում, թե՝ բանակը հասարակության արտացոլումն է, թե՝ զորակոչվող պատանիները ընտանիքում վատ են դաստիարակվում, թե՝ մեր հասարակությունը հիվանդ է, եւ որ բանակը հասարակության մի մասն է: Դա այդպես չէ, որովհետեւ բանակն առանձին համակարգ է, նույնիսկ հասարակությունից անջատված, մեկուսացված մարմին է: Եթե բանակում կամ իշխանության ներսում գտնվող մարդիկ դա չեն հասկանում՝ ուղղակի նրանք պետք է կա՛մ դուրս գան այդ համակարգից, կա՛մ գնան ու սովորեն: Պատանին, երբ զորակոչվում է բանակ՝ հանձնում է իր անձնագիրը, օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանափակվում է նրա՝ որպես քաղաքացու, իրավունքները, այդ թվում՝ տեղաշարժի եւ այլն: Պետությունն ամբողջությամբ այդ երկու տարիների ընթացքում պատասխանատվություն եւ պարտավորություն է ստանձնում նորակոչիկի կեցության, սննդի, առողջության, էլ չեմ ասում՝ կյանքի համար: Երբ պատանին գնում է բանակ, նրա դաստիարակությունը որեւէ նշանակություն չունի, որովհետեւ ինքը մտնում է մի համակարգ, որտեղ իր անձնական չափանիշները, գիտելիքները, ճաշակը չեն աշխատում, որովհետեւ այդ համակարգում գործում է խրախուսանքի եւ պատժի սեփական համակարգը, որը տարբերվում է հասարակության մեջ սովորական պատիժների եւ խրախուսանքի համակարգից, որտեղ հնարավոր է նույնիսկ առանց դատապաշտպանի կամ դատի, դատարանի սանկցիայի զինվորին մեկուսացնել, մի քանի օրով ազատազրկել («գաուբախտ» կոչվածի մասին է խոսքը):
Բանակը դպրոց, համալսարան, հանրակացարան է, որտեղ պատանին երկու տարվա ընթացքում պիտի դառնա ե՛ւ խաղաղության, ե՛ւ պատերազմի պայմաններում երկիրը պաշտպանելու ունակ զինվոր: Եթե նայենք զորամասերում նրա օրվա ռեժիմին՝ սկսած առավոտյան 6-ից մինչեւ 22:30-ը, կտեսնենք, որ զինվորի օրակարգն այնքան խիտ է, որ նա ժամանակ չպետք է ունենա ազատ կյանքի, որ նա ողջ օրվա ընթացքում, նույնիսկ գիշերը, եթե օրենքը գործում է, գտնվում է հրամանատարների ու սպաների անընդհատ վերահսկողության տակ, ու եթե այդ պայմաններում էլ են միջադեպեր լինում, ինչպես բանակի ներկայացուցիչներն են ասում՝ հակասությունները զինվորների մեջ կուտակվում եւ հասնում են հանցագործության, ապա մեղավորը սպան է, հրամանատարությունը: Դա նաեւ նշանակում է, որ համակարգը, օրենքներն այստեղ չեն աշխատում, որ սպաները զբաղվում են ոչ թե իրենց ուղղակի պարտականությունները կատարելով, այլ միանգամայն ուրիշ գործով: Այստեղ է, որ ինձ թվում է՝ բանակը հիվանդ է: Դա նշանակում է, որ բանակը չի կատարում իր գլխավոր գործառույթը՝ կրթել զինվորին եւ պիտանի դարձնել երկիրը պաշտպանելու համար: Բանակում այսքան միջադեպերը հնարավոր են մի դեպքում՝ երբ բանակը համակարգ է, բայց ոչ այն համակարգը, որին կոչված է: Միգուցե այնտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ՝ չգիտեմ»:
Շատերը բանակի մասին խոսելիս ասում են, թե տպավորություն ունեն, որ այն քրեակատարողական հիմնարկ է, որտեղ, ըստ չգրված օրենքների, հիմնարկի պետը ՔԿՀ-ում վերահսկողություն իրականացնելու, իրավիճակին տիրապետելու համար դատապարտվածներից «ամենահեղինակավորին» «զոն նայողի» կարգավիճակ է շնորհում՝ հիմնարկում կարգուկանոն հաստատելու եւ պաշտպանելու, դրամահավաքի հարցը լուծելու համար: Հիմա, կարծես թե, նույն վիճակը բանակի զորամասերում է. այդ «զոն նայողները» բանակում առանձին զինվորներ են, հետո՝ կրտսեր սպաներ, սպաներ, հրամանատարներ՝ ըստ հիերարխիկ դասավորության:
Արդյոք բանակի զորամասի եւ ՔԿՀ-ի միջեւ այսպիսի զուգահեռը հիմնազո՞ւրկ է. «Հայաստանը փոքր երկիր է, եւ մենք շատ ավելի բան գիտենք մեր բանակի մասին, քան այլ երկրների հասարակություններն իրենց բանակի: Ի վերջո, զինվորները երկու տարի ծառայությունից հետո վերադառնում են հասարակություն եւ իրենց ընկերներին, հարեւաններին պատմում են այն, ինչ կատարվում է եւ իրենք տեսել են բանակում 2 տարի ծառայելու ընթացքում: Ես չեմ պատկերացնում որեւէ փոքր գաղտնիք, այդ թվում՝ ձեր ասածների վերաբերյալ, որին մենք տեղյակ չլինենք: Մեր հասարակությունը, ըստ իս, լիովին տեղյակ է այն կոռուպցիոն երեւույթներին, առաջին հերթին՝ բյուջետային զգալի միջոցների հափշտակում, երկրորդ՝ զինվորներից եւ նրանց ծնողներից դրամաշորթություն, որ կա բանակում: Բայց հասարակությունը դա իմանալով հանդերձ՝ ներում եւ լռում էր երկու պայմանով. բանակը պետք է իրականացնի երկրի հուսալի պաշտպանություն եւ ապահովի իրենց երեխաների առողջությունն ու կյանքը: Այսօր, իմ կարծիքով, ակնհայտ երեւում է, որ բանակը, պետությունն իր պարտավորությունը երեխաների, նրանց ծնողների եւ հասարակության հանդեպ առնվազն այս մասով չի կատարում, ու ես շատ կասկածում եմ, որ բանակն այս իրավիճակում կարող է կատարել իր մյուս պարտավորությունը՝ երկրի հուսալի պաշտպանությունը՝ նկատի ունենալով բանակում առկա թե՛ բարոյական ու ֆինանսական վիճակը, թե՛ սպաների կրթական ու մասնագիտական ցենզը, եւ ինչու չէ՝ հասարակության ներկայիս բացասական վերաբերմունքը բանակի հանդեպ: Այն, ինչ կատարվում է բանակում, դուրս է եկել տրամաբանական բոլոր սխեմաներից: Բանակում տեղի են ունենում միջադեպեր հենց սպաների ներկայությամբ, եւ սպայական կազմն ուղղակի կամ անուղղակի ձեւով մեղավոր է միջադեպերի, սպանությունների համար, բայց պատասխանատվություն չեն կրում»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է բանակում տիրող իրավիճակը փոխել, ու կա՞ն դա անելու մեխանիզմներ, Հովհ. Իգիթյանն արձագանքեց. «Իհարկե, հնարավոր է, եթե գործի պատժի համակարգը: Հիմա բանակի բարձրաստիճան ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե մտահոգված են այնտեղ տիրող իրավիճակով, բայց դա վստահություն չի ներշնչում՝ նկատի ունենալով այն, թե ինչպես են ընթանում սպանությունների եւ այլ միջադեպերի առնչությամբ հարուցված հետաքննությունները»: Նկատելով, որ բանակում շատ դեպքերում հանցագործությունները կատարվում են հենց հրամանատարների ներկայությամբ, բայց արդյունքում, լավագույն դեպքում, պատժվում են միայն հանցանքի ակտիվ մասնակիցները, Իգիթյանը կարեւորեց ոչ միայն վերջիններիս, այլեւ հրամանատարների, սպաների եւ ոչ միայն նրանց պատասխանատվության եւ պատժի հարցը: Նրա ասելով՝ շատ դեպքերում միջադեպերի կոծկման մեջ ներգրավվում են ոչ միայն սպաներն ու զինվորները, այլեւ քննչական մարմինները, ռազմական ոստիկանությունը, զինվորական դատախազությունն ու դատարանները: «Այսինքն՝ բավարար չէ ոչ միայն միջադեպերի ուղղակի մասնակիցներին պատժելը, պետք է պատժվեն նաեւ նրանք, ովքեր փորձել են պարտակել ու կոծկել դրանք: Իսկ ինչո՞ւ դա չի արվում, ինչո՞ւ են իշխանությունները կոծկում մի շարքային քննիչի հանցանքը: Ըստ իս՝ իշխանական ճամբարում վախ կա, որ իրենց շարքերը, այսօր գործող համակարգը ճաքեր կտա, կփլվի, մինչդեռ այդ համակարգը նրանց քաղաքականապես ձեռնտու է»,- եզրակացրեց Հովհաննես Իգիթյանը՝ բանակն առողջացնելու համատեքստում մեծապես կարեւորելով հենց հասարակական վերահսկողության մեխանիզմի կիրառումն ու դրա դերը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել