Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 183 շենքի դիմաց 22-ամյա Վահրամ Բադալյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 25 ՕՕ 299 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է տեղում: Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածում: Վարորդը դեպքի վայրից չի դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթի հետեւանքով մահացածը «Շանթ» գործարանի աշխատակից 56-ամյա Օնիկ Վարդանյանն էր:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի