Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակմանը՝ ասաց, թե չի կարող Վովա Գասպարյանին համեմատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որովհետեւ վերջինս «ոստիկանության հետ ընդհանրապես կապ չուներ, իսկ Վովան մասնագետ է»:
Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարության շրջանում ամեն ինչ արեց համակարգը ոչնչացնելու համար: Ընդդիմադիր գործչի ասելով, նախկին ոստիկանապետը «ախր, շատ, սարսափելի պրիմիտիվ էր: Վերցրեք դրա հարցազրույցները ու կարդացեք՝ ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն»:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին՝ ապա, ՍԴՀԿ ներկայացուցչի դիտարկմամբ, նրա նշանակումը համակարգի համար «միանշանակ դրական էր». «Ոստիկանության համակարգի համար նրա նշանակումը միանշանակ դրական եմ համարում: Իհարկե, որպես ընդդիմադիր գործիչ, ինձ դա այնքան էլ ձեռք չի տալիս, բայց ես մտածում եմ՝ երկիր է, էլի, եւ երկրում չի կարելի այդ համակարգը քանդել: Սա (Ալիկ Սարգսյանը) քանդուքարափ արեց: Սա ուղղակի ոչնչացնում էր համակարգը»: