Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, հատկապես մեր տղամարդկանց հավաքականի համար, ո՞րն է ավելի կարեւոր՝ մեդալնե՞րը, թե օլիմպիական ուղեգրերը: Իհարկե՝ երկուսն էլ: Եթե անցած տարի Անթալիայում մեր աղջիկների ընտրանին թիմային 9-րդ տեղով վաստակել է Լոնդոնի առավելագույն՝ 4 վարկանիշ եւ հիմա պետք է աշխատի պահպանել այն, անհամեմատ ավելի բարդ է տղամարդկանց հավաքականի խնդիրը: Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքով նրանք նույնպես նախնական 4 ուղեգիր ունեն, ինչը թե ֆեդերացիային եւ թե մարզասերներին չի գոհացնում: Ուստի Փարիզում պարտադրված են լինելու պայքարել եւ մեդալների (դա որոշակի ռիսկ է պահանջում քաշ պատվիրելիս) համար եւ ամբողջ թիմով կայուն մասնակցություն ունենալ՝ զրո չստանալ ու միավորների այնպիսի պաշար հավաքել, որպեսզի վերջնահաշվարկով տեղ գրավեն 12 լավագույն երկրների շարքում: Այդ ժամանակ մենք եկող տարի Լոնդոնում կունենանք 5 ծանրորդ: