Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է իր հրաժարականի պատճառներն ու անդրադառնում առաջիկա անելիքներին:
-Պարոն Աբրահամյան, Դուք հասցրեցի՞ք բարձրացնել խորհրդարանի դերը, ինչի մասին այդքան մտահոգվում էիք:
-Իմ կարծիքով, ես չէ, որ պետք է գնահատական տամ: Բայց թող սուբյեկտիվ չլինի իմ կարծիքը, ես գտնում եմ` այո, գոնե կարողացանք ինչ-որ չափով դարձնել բազմակարծության ամբիոն: Խորհրդարանի դռները բացվեցին հասարակության, ուսանողների, դպրոցների առջեւ: Մարդիկ գործնականում կարողացան պատկերացում կազմել պառլամենտի մասին, եւ դա, իմ կարծիքով, շատ կարեւոր քայլ էր: Մենք փորձեցինք հասանելի դարձնել Ազգային Ժողովը բոլոր խավերին:
-Պարոն Աբրահամյան, գիտե՞ք, ով է Ձեզ փոխարինելու:
Կարդացեք նաև
-Կոռեկտ չէ, որ մենք այս պահին նման հարց քննարկենք, որովհետեւ ես իմ հրաժարականը պաշտոնապես չեմ ներկայացրել, պետք է անպայման ԱԺ նիստի ժամանակ ներկայացնեմ, դա կլինի նոյեմբերի 14-ին: Եվս հինգ օր, ըստ օրենքի, հետո նոր կուսակցությունում կքննարկենք, թե ով կփոխարինի: Նոյեմբերի 21-ին նոր կարող ենք քննարկել:
-Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում, կա՞ն արժանավորներ:
-Արժանավորներ միշտ լինում են, կարծում եմ` կգտնենք: Ես չեմ ուզում ֆետիշացնել այս հարցը: Պառլամենտական ընտրություններին մնացել է հինգ ամիս, ես հիմա կարեւոր խնդիր եմ համարում դա, քանի որ մենք` մեր կուսակցությունը, երկրի նախագահը, ունենք ավելի գլոբալ խնդիրներ: Մենք ընդունել ենք նոր Ընտրական օրենսգիրք, բայց ընդունելը մեկ հարց է, իրականացնելը` այլ: Մենք խնդիր ունենք եվրոպական կառույցների եւ առաջին հերթին` մեր ժողովրդի մոտ վերականգնել այն վստահությունը, որ կորցրել ենք: Մենք պետք է աշխատենք, որ իրենք վստահեն, որ ընտրությունները կանցկացվեն արդար եւ թափանցիկ:
Դա, իմ կարծիքով, իշխանությունների գործն է, եւ ես, այդ առաջարկն ընդունելով, ավելի կարեւորելով նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը, գտնում եմ, որ բացասական երեւույթ չէ, որ այս հինգ ամիսներին մեկ ուրիշը ղեկավարի Ազգային Ժողովը: Ինձ համար կարեւոր է մեր կուսակցության ապագան, որտեղ ես տեսնում եմ նաեւ իմ ապագան: Ես այդ փորձն ունեմ: Դուք գիտեք, որ 2007 թվականի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարն եմ եղել, եւ մեզ համար գերակա խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն ազատ եւ թափանցիկ:
-Պարոն Աբրահամյան, ընտրություններից հետո Ձեզ ո՞ր պաշտոնում եք տեսնում:
-Հաստատ մի նորմալ, լավ պաշտոն`ոչ պակաս, կունենամ:
-Ձեր հրաժարականը խորքային պատճառներ չունե՞ր:
-Որեւէ խորքային պատճառ չկա, հավատացնում եմ բոլորին: Նորից եմ ասում` ինչ-որ բան չի փոխվել իմ հրաժարականից: Ես կարող էի հինգ-վեց ամիս պաշտոնավարել, հետո, ըստ օրենքի, թողնել իմ պաշտոնը, բայց նորից եմ ուզում ասել, մեր խնդիրն այն է, որ ընտրությունները կազմակերպենք արդար:
-Հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո զբաղեցնեք վարչապետի պաշտոնը:
-Ես ոչ մի բան չեմ ուզում բացառել, բայց նման քննարկում չի եղել: Ընդհանրապես, լրագրողներին ուզում եմ խորհուրդ տալ, որ քաղաքականության մեջ ոչ մի բան չբացառեն: Օրինակ, ո՞վ կմտածեր, որ ես կարող եմ հրաժարական տալ: Երեւի բոլորի հրաժարականները քննարկել էիք, բացի իմը, չէ՞:
-Դուք երեկ մտածո՞ւմ էիք, որ հրաժարական կտաք:
-Ես 15 օր առաջ եմ իմացել եւ նախագահն է իմացել, որեւէ մեկը չի իմացել: Մինչեւ նույնիսկ ժամը 20:00 գործադիրի նիստը ոչ ոք չի իմացել:
-Իսկ վերջին կադրային փոփոխությունները ինչո՞վ եք բացատրում:
-Դուք գիտեք, Կարեն Կարապետյաններն իրենք են հրաժարական տվել. որեւէ դրդապատճառ ես չգիտեմ: Այն, ինչ կա, իրենք ասել են հեռուստատեսությամբ եւ մամուլով: Ես դա ընդունել եմ որպես հիմք, իսկ ոստիկանապետի հրաժարականը, իմ կարծիքով, նախագահը շատ հստակ ձեւակերպեց:
-Սպասվող ընտրությունների հետ կապված չէի՞ն այդ հրաժարականները:
-Ո’չ, մի’ կապեք ամեն ինչ: Իմը` կապված է:
-Իսկ Ձեր մանդատը վա՞յր եք դնելու:
-Ոչ, իմ մանդատը վայր չեմ դնելու, ես պատգամավոր եմ լինելու:
-Անսովոր չի՞ լինի այդ կարգավիճակը:
-Դուք հիշեք, 2007-2008 թվականներին ես եղել եմ շտաբի ղեկավար, նույնիսկ իմ պաշտոնը չեմ պահպանել: Ես շտաբը ղեկավարել եմ, Ազգային Ժողովի ընտրությունները հաղթել ենք, նախագահականը հաղթել ենք, ես գնացել եմ փոխվարչապետի պաշտոնից աշխատակազմի ղեկավար, եւ այն ժամանակ չեք էլ մտածել, որ ես պետք է դառնամ Ազգային Ժողովի նախագահ: Այնպես որ, ոչ մի բան մի բացառեք եւ ոչ էլ բացասական իմաստով ենթադրություններ արեք: Ամեն ինչ լավ է, դրական է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրի իմիջը բարձրացնենք, եւ ձեր աջակցությունն եմ հայցում ու խոսք եմ տալիս, որ շատ ակտիվ աշխատելու եմ նաեւ շտաբում:
-Պարոն Աբրահամյան, մամուլում դեդեկտիվ պատմություններ են շրջանառվում, որ Ձեզ ինչ-որ խոսակցության ժամանակ “բռնել” են:
-Ես գիտեմ, թե այդ նյութը ով է տրամադրել, ընդդիմությունից է այդ մարդը: Դա իրականությանը չհամապատասխանող նյութ է եւ նաեւ` անտրամաբանական: Ես դավ նյութող մարդ չեմ, իմ ամեն ինչն ուղիղ է: Դավ նյութելու ի՞նչ ունեմ:
-Պարոն Աբրահամյան, իսկ ի՞նչ չեք հասցրել անել:
-Ամեն ինչ հասցրել ենք, իսկ ինչ էլ չենք հասցրել, կանենք, ժամանակը մեզ կտա այդ հնարավորությունը:
-Դուք չասացիք, թե ում եք տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում:
-Հիմա, որ ես իմ կարծիքն ասեմ, ճիշտ չի լինի: Մենք նախագահի, կուսակցության հետ կքննարկենք, այնպես որ` ամեն ինչ լավ է լինելու: Լավ եղեք, կհանդիպենք հաջորդ խաշի սեղանին: