Արդեն պարզ է, որ Տարոն Մարգարյանն է լինելու Երեւանի հաջորդ քաղաքապետը: Տարոնը ժամանակին Ավանի համայնքապետն էր: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը նրա հայրն էր՝ Անդրանիկ Մարգարյանը: Այն օրերին Տարոնը ամեն ինչ անում էր, որ վարչապետի տղա չասեն, Ավանը պիտի ամենամաքուրը լիներ, ջուրը ժամանակին գար, վերելակները աշխատեին, որ թերությունների համար չասեին՝ «դե վարչապետի տղեն ա… ինչ էլ անի, ինչքան է թերանա բան չեն ասի…»:
Որքանով է հաջողել Տարոն Մարգարյանը՝ ավանցիները գիտեն: Ես ավանցի չեմ եւ գիտեմ, որ Ավանը երկու անգամ ճանաչվել է լավագույն համայնք: Գուցե համայնքապետ որդուն օգնել է վարչապետ հայրը: Բայց իրականությունը այն է, որ ավանցիները գոհ էին:
Հիմա նույն Տարոն Մարգարյանը դառնալու է Երեւանի քաղաքապետ: Վարչապետ հոր պարագայում սեւերես չմնալու համար լավ աշխատող Տարոնը հիմա էլ պիտի լավ աշխատի, որ Կարեն Կարապետյանի սահմանած չափանիշներին հասնի: Օրինակ Կարեն Կարապետյանը բոլոր թերություններով հանդերձ, ցույց տվեց, որ քաղաքում ծառ տնկելու, խաղահրապարակ կառուցելու լիքը տեղեր կան: Եթե Տարոնը նույն չանի, մարդիկ հիշելու են Կարեն Կարապետյանի արածները ու Տարոն Մարգարյանին գոնե մեկ աստիճան ցածր են գնահատելու: Ոմանք կարող են հիշել նրա հոր եւ այսօրվա իշխանավորներից շատերի մտերմությունն ու եզրակացնել, որ եթե Տարոնը Անդրանիկ Մարգարյանի որդին չլիներ՝ այսքան առաջ չէր գնա:
Այսքանից հետո Տարոն Մարգարյանին այլ բան չի մնում, քան լավ աշխատելը: Շարունակել կանաչապատել քաղաքը, խաղահրապարակներ կառուցել ու նաեւ Երեւանում միկրոավտոբուսների փոխարեն ավտոբուսներով ուղեւորափոխադրումներ իրականացնել: Հա, բայց ասում են Կարեն Կարապետյանը հեռացել է այսօրվա միկրոավտոբուսային գծատերերի ճնշումների արդյունքում: Բայց մեկ է հետո Տարոն Մարգարյանին այլ բան չի մնում, քան լավ աշխատելը: Տեսնենք: