Գիտեմ՝ սերիալների թեման հոգնեցուցիչ է եւ ծամծմված, բայց ստիպված եմ մեկ անգամ էլ դրանց մասին խոսել: Օրերս զրուցում էի ընկերուհիներիցս մեկի հետ: Նա փաստեց, որ մեր սերիալներում բացակայում է հայ մայրիկի կերպարը: Մեր զրույցից հետո որոշեցի հայկական հեռուստաալիքներով մեկ-մեկ հետեւել սերիալներին՝ համոզվելու համար ընկերուհուս ասածի ճշմարտացիության մեջ: Ցավոք, նա չէր սխալվում: Թե՛Հ1-ի, թե՛ «Արմենիայի» , թե՛ «Շանթի» սերիալներում կա՛մ հայ մայրիկ ընդհանրապես չկա՝ ընտանիքը բաղկացած է միայն հորից եւ զավակ(ներից), կա՛մ այդ մայրիկը հանցագործ է, մարդասպան, ամենաքիչը «մութ» անցյալով կին:
Մի առիթով, մասնավոր զրույցի ժամանակ ճանաչված գրող, գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանն ասաց, թե հայ ռեժիսորները երբեք չեն ունեցել հայ գեղեցիկ կնոջ իդեալ, դրա համար էլ նրանց ֆիլմերում կանացի իդեալը գյուղացի, չխնամված ու տրորված հայուհին է: Միթե՞ հիմա էլ գեղեցիկ ու արժանապատիվ հայ կնոջ իդեալը դեռ գտնված չէ: Չե՛մ հավատում…