Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (RAA) համակարգող Սամվել Կարապետյանը կրկին անդրադարձել է Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետեւողական քաղաքականությանը: Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանները հաճախ վնասվում են նաեւ տեղաբնակների գանձագողական նկրտումների պատճառով: Ճանաչված հուշարձանագետը նկատել է, որ հարեւան երկրի կողմից որոշ հայկական հուշարձանների վերականգնումը ընդամենը թատերականացված շոու է: Նա հայտնել է, թե մինչեւ ձմեռ հայաստանցի փորձագետների խումբ է մեկնելու Վան՝ գնահատելու տեղի հուշարձանների վիճակը: «Այն, ինչ անում է Թուրքիան, հազարավոր երկրաշարժերից ավելի վատ է»,-ցավով նշել է Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետի խոսքով, հայկական եկեղեցիներից մեկի տեղում այժմ հեռուստաաշտարակ է վեր խոյացել, իսկ, օրինակ, Նարեկավանքի տեղում մզկիթ է կառուցվել, որոշ մշակութային հուշարձաններ էլ քանդվել են, քարերն օգտագործվել այլ կառույցների շինարարության համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ