Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվեց հակավարչապետական թիմը

Նոյեմբեր 02,2011 15:47

 Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս հրաժարականների շքերթի արդյունքում մեջտեղից դուրս եկան վարչապետի հավակնություններ կամ պրոքոչարյանական հակումներ ունեցողները:

«Որեւէ կապ տեսնո՞ւմ եք քաղաքապետի, ոստիկանապետի եւ ԱԺ նախագահի հրաժարականների միջեւ»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս շարքում պետք է նշել նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին: «Եթե նայենք, թե ովքեր են հրաժարականներ տալիս՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյան, քաղաքապետ Կարեն Կարապետյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, ապա կտեսնենք, որ դրանք այն անուններն են, որ շրջանառվում էին որպես հավանական վարչապետներ»,- ասում է Ս.Սաֆարյանը: Մեր հարցին՝ «Ուզում եք ասեք, որ Տիգրան Սարգսյանի մատը խա՞ռն է», նա պատասխանեց. «Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը կարողացել է Սերժ Սարգսյանին համոզել, թե հերթական ընտրությունների չի կարելի գնալ նման անկայուն թիմով: Թերեւս հասկացրել է, որ այդպիսի ներթիմային անկայունության օջախով ընտրությունների գնալն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկել է իր վերադարձի հնարավորության մասին, կա Տեր-Պետրոսյանը եւ կլինեն այլ ընդդդիմադիր թեկնածուներ, արդեն իսկ լուրջ ռիսկեր է ստեղծում այդ թիմի համար՝ իրականացնելու այն, ինչ պլանավորել է»:

Իսկ ո՞վ կդառնա ԱԺ նախագահ, ո՞ւմ շանսերն են ներկայումս ավելի մեծ: Ս.Սաֆարյանը այս հարցին չկամեցավ օրիգինալ պատասխան տալ. «Կարծում եմ՝ պատահական չի շրջանառության մեջ դրվել Դավիթ Հարությունյանի անունը: Դա զոնդաժ է, ռեակցիաներ ստուգելու քայլ եւ թերեւս նաեւ այն անունն է, ով մի քանի ամիս կղեկավարի Ազգային ժողովը»:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի փոփոխությանը, ապա Ս.Սաֆարյանն անլուրջ է վերաբերվում այն վերլուծություններին, թե դա Տեր-Պետրոսյանի ցուցակի կատարումն էր, եւ նկատում է, որ դեռ անցած տարվա փետրվարից «Ժառանգությունը» ոստիկանապետի փոփոխության հարցն առաջ էր քաշել.«Բայց ես, բնականաբար, չեմ ասի, որ բավարարվել է «Ժառանգության» պահանջը: Դա անլուրջ կլիներ եւ ինքնախաբեություն: Այդքան միամիտ չեմ: Ոստիկանապետի փոփոխությունը, կարծում եմ, կապված է մի կողմից նրա՝ հակավարչապետական թիմի հետ բարիդրացիական հարաբերություններով, մյուս կողմից՝ վերջին շրջանում ժողովրդի բողոքի գործողություններին նրա անհամաչափ հակազդեցությունը կառավարության դիմաց կարող էր հարցեր հարուցել, մասնավորապես՝ արդյո՞ք դա միտումնավոր չէր արված՝ լարվածությունը շիկացնելու եւ իշխանության այս թեւի դեմ տրամադրելու համար: Արդյոք նա ի վիճակի՞ է շատ ավելի լուրջ բողոքի ակցիաներում գործել համարժեք: Այս հարցերի շուրջ մտորումները գուցե հանգեցրել են նրան, որ Ալիկ Սարգսյանի կարողությունները եւ ունակությունները անհամապատասխան են թիմին: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նոր ոստիկանապետին ներկայացնելիս շեշտեց, որ այս ժամանակներում պետք են Վլադիմիր Գասպարյանի տիպի ոստիկանապետեր, ակնարկվեց, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետի՝ ներկայումս անհրաժեշտ տիպը չէ: Կատարվեց այդ փոխատեղումը, որով հակավարչապետական թիմն իսպառ կզրկվի լծակներից, եւ հետո նրա փոխարեն նշանակվի մի մարդ, որը կարողանա իրականացնել Սերժ Սարգսյանի առաջադրած խնդիրները, ինչի հետ կապված Վլադիմիր Գասպարյանը երդում տվեց հենց ներկայացվելու ժամանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930