Այսօր Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի վերաբացման արարողությունն էր:
ՀՀ ԿԳ նախարարության առաջարկով 2011թ. մարտի 1-ին համալսարանի եւ դպրոցի միջեւ կնքվել էր պայմանագիր, որի նպատակը դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումների ձեւավորումն ու լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով շրջանավարտների գիտելիքների խորացումն է: Կրթական գործընթացն էլ արդյունավետ կազմակերպելու նկատառումով 2011թ. մայիսին սկսվել էր դպրոցի շենքի հիմնանորոգումն ու վերակառուցումը: Այս գործում իրենց դերն են ունեցել ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ ավագ դպրոցի ստեղծման ճանապարհին հանդիպած դժվարությունները շատ են եղել, որոնք հիմնականում կապված էին հասարակական կարծիքի փոփոխման հետ: «Ավագ դպրոցի ռեֆորմը նպատակ ունի, որպեսզի այն երեխաները, որոնք ուզում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ առանց կրկնուսույցների կարողանան ավագ դպրոցներում ստանալ որակյալ նախամասնագիտական կրթություն, իրենց մասնագիտական ընտրությունը կատարեն գիտակցված եւ հետո անարգել՝ առանց կոռուպցիոն ռիսկերի, առանց հավելյալ վճարների, առանց սոցիալական բեռը ավելացնելու ընդունվեն բուհեր»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ այս ամենն իրականացնելու համար կան միջոցներ ե՛ւ պետական բյուջեից, ե՛ւ Համաշխարհային բանկն է աջակցում: Նախարարի համոզմամբ՝ ավագ դպրոցների եւ համալսարանների համագործակցությունը կարեւոր է ոչ միայն շենքերի բարեկարգման, ջեռուցման համակարգերի ներդրման առումով, այլ ավագ դպրոցի կրթական ծրագրերի վերանայման, լավագույն դասախոսների՝ դպրոց մուտք գործելու հնարավորության ապահովման տեսանկյունից: Այսօր Մ. Աբեղյանի անվան դպրոցում բացվեցին նախկին սաներ Անդրանիկ Մարգարյանի եւ մաթեմատիկոս Սամսոն Դաղբաշյանի անուններով դասարաններ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ