Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին դեռ պարտք են

Նոյեմբեր 02,2011 15:02

Չնայած այս տարի կարկտահարությունից ու ցրտահարությունից գյուղացու բերքը մեծ վնասներ է կրել, այնուամենայնիվ, ընկերությունները, նախորդ տարվա համեմատ, ավելի մեծ ծավալներով են մթերում արել:

Այս տարի գործարարներն ավելի  շատ ու ավելի բարձր գներով են գյուղատնտեսական ապրանքներ մթերել, քան նախորդ տարի: Լոլիկի գինը տատանվել է 31-80, վարունգինը՝  120-150, սմբուկինը՝  30-60, ծիրանինը 400-800, խաղողինը՝ 130-280 դրամի սահմաններում: Այս մասին այսօր «Սլաք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա, այս տարի ընդհանուր առմամբ մթերվել է 48342 տ պտուղ-բանջարեղեն: Խոսելով գործարանների՝ գյուղացիներին ունեցած պարտքերի մասին, նա ասաց, որ խաղողի մթերումներ իրականացնող 40 ընկերությունից 20-ը խաղողի դիմաց ողջ գումարը վճարել են գյուղացիներին, իսկ մյուսները՝  մասնակի: Մասնակի պարտքերն էլ, ըստ նրա, ընկերությունները պարտավորվել են մարել մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը: Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի արտահանմանը՝ փոխնախարարը նշեց, որ  մինչեւ հիմա արտահանվել է 858 տոննա մթերք,  որից 7300-ը՝ ծիրան, 673 տ՝ կեռաս, 258 տ՝ բալ եւ այլն: Պարոն Մակարյանը հայտնեց, որ Հայաստանը պտուղ-բանջարեղեն է արտահանում հիմնականում 6 երկիր՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս եւ Նիդերլանդներ: Մթերքների 94 %-ն արտահանվում է ավտոմեքենայով, իսկ 6%-ը՝  ինքնաթիռով:

Նա նաեւ հայտնեց, որ Կասյան փողոցում արդեն 2 ամիս գործող գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառի գործունեության ժամկետն ավելացրել են. «Նախատեսված էր մինչեւ նոյեմբերի սկիզբ, բայց փոքր- ինչ երկարացրել ենք՝ ընդառաջ գնալով եւ գյուղացիների, եւ քաղաքացիների խնդրանքներին»: Նա ասաց, որ մյուս տարի նախատեսում են նման տոնավաճառներ ստեղծել Երեւանի եւս 2 վարչական շրջանում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930