Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինը դանակահարելով սպանել է կնոջը եւ հորը

Նոյեմբեր 02,2011 14:09
Այսօր` նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի հիվանդանոցից այն մասին, որ մահացած վիճակում շնչափողի եւ ճակատային մասերում կտրված վերքերով Լոռու մարզի Դարպաս գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը` Լոռու մարզի ոստիկանության պետ Անուբախ Համբարյանի եւ Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտին Աբրահամյանը իր մոտ եղած դանակով Դարպաս գյուղում հարվածներ է հասցրել իր կնոջը` Արմինե Շիրինյանին, եւ նույն տանը բնակվող իր հորը` Վահան Աբրահամյանին:
Ա.Շիրինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբրահամյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ գործողություններ հայտնաբերելու սպանություն կատարող անձին` 34-ամյա Մարտին Աբրահամյանին:
Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ այս պահին ոստիկանության Լոռու մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ Դարպաս գյուղին հարակից անտառներում են, քանի որ տեղեկություն կա, որ սպանությունը կատարելուց հետո Մարտին Աբրահամյանը փախել է անտառ:
Դեպքի վայրում հավաքված հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մարտին Աբրահամյանը հոգեկան հիվանդ է, սակայն դա վերջնականապես կպարզվի միայն այն ժամանակ, երբ ոստիկանները ձերբակալեն նրան, քննիչի որոշմամբ, նշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատահոգեբանական, ինչի եզրակացությունն էլ կամ կհաստատի, կամ կհերքի այդ տեղեկությունը:
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործության գործիք դանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930