Երգչուհին հայերից առաջինն է, ով Գերմանիայի Berlin Cathedral-ում մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը:
Շոու-բիզնեսի «գործող» կանոններին համապատասխան, հավանաբար երիտասարդությանը գրավելու, նրանց դասական երաժշտության հետ կապելու համար որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակներին: Ցանկության դեպքում հայերս, առայժմ հատվածաբար, դրանց ակնդիրը կարող ենք դառնալ համացանցում: «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից շատերը կեսկատակ-կեսլուրջ հայտնեցին, թե հնարավոր է շուտով նման նորարարությունների հանդիպել ռեքվիեմներում: Վերջինների բեմադրություններ կամ բեմականացումներ նույնպես կան համացանցում: Երգչուհի, սոպրանո Իրինա Զաքյանը առաջինն է մեր արվեստագետներից, որ վերջերս Գերմանիայի Berlin Cathedral-ում մասնակցեց Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը: Տեղեկացնենք, որ 20-ամյա բեմական գործունեության ընթացքում երգչուհին համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Հոլանդիայում եւ այլուր՝ դիրիժորներ Օ. Դուրյանի, Հովհ. Չեքիջյանի, Էդ. Թոփչյանի, Վ. Միխնեւսկու (Լեհաստան), Լ. Բոթսթայնի (ԱՄՆ), Ջ. Նելսոնի եւ այլոց ղեկավարությամբ: Հայ հանդիսատեսը նրան գլխավոր դերերգերով հանդիպել է Վերդիի «Օթելլո», «Սիմոն Բոկանեգրա», Պուչինիի՝ «Մադամ Բաթերֆլայ», «Թիկնոցը», «Տուրանդոտ», Դոնիցետիի «Պողիկտոս», Լեոնկավալլոյի «Պայացներ» եւ այլ օպերաներում:
Անդրադառնալով Գերմանիայում բեմադրած «Ռեքվիեմին»՝ նշենք, որ Վերդին այս գլուխգործոցը ձոնել է իր մտերիմ բարեկամի՝ իտալացի բանաստեղծ Ա. Մանձոնիի հիշատակին: Առաջին անգամ այն հնչել է 1874 թվականին՝ Միլանի Սուրբ Մարկոս եկեղեցում՝ որպես մահվանն ուղղված ցասումնալից բողոք եւ հարության ղողանջ:
Իրինա Զաքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հրավերը ստացել է Ուկրաինայից, գործակալ Իգոր Պետրեչենկոյից, որը ժամանակին տպավորվել է Կրակովում հայ երգչուհու Մադամ Բաթերֆլայով: Բեմականացումն իրականացրել է ուկրաինացի ռեժիսոր Նադյա Շվերցը՝ Լվովից ժամանած երգչախմբի եւ Խարկովի նվագախմբի հետ համատեղ: Բեմականացմանը մասնակցել են Մեծ թատրոնի մեներգիչներ Իրինա Դոլժենկոն (մեցո սոպրանո), Ալեքսանդր Զախարովը (տենոր) եւ Միխայիլ Կազակովը (բաս): Բեմի եւ հագուստների դիզայնի հեղինակը նույնպես Ն. Շվերցն է:
Երգչուհուն խնդրեցինք հնարավորինս ներկայացնել «Ռեքվիեմի»՝ հոգեհանգստի պատարագի բեմականացումը: Նշելով, որ ինքը տպավորված է եւ հնարավոր չէ բառերով պատմել դրա մասին, այդուհանդերձ ասաց. «Ռեքվիեմի» առաջին հնչյունների ներքո հանդիսասրահից երգչախումբը բարձրանում է բեմ, ծնկի իջնում՝ կատարելով հանրահայտ Kyrie Eleison-ը («Տեր ողորմյա»): Այդ ընթացքում մեներգիչներն են դարձյալ հանդիսասրահից մուտք գործում բեմ, եւ սկսվում է, այսպես կոչված՝ խաղը: Օրինակ, «Ռեքվիեմի» երկրորդ համարը՝ Dies Irae (Ցասման օրը) ներկայացնում է Աստծո դատաստանի օրը՝ այն սարսափը, թե մարդ ինչ զգացողություն կարող է ապրել…»: Երգչուհին հավաստիացրեց, որ բեմականացումները պահանջում են ավելի բարձր արտիստիզմ, քան ներկայացումները: Հարցին, թե արժե՞ արդյոք սգո պատարագը այդպես տպավորիչ կամ դաժան հրամցնել հանդիսատեսին, Ի. Զաքյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես, մարդկությանը ծանոթ է մահվան ողբերգական դեմքը, նույնքան թանկ՝ կյանքի ելեւէջը, մարդու շունչը, նրա ավանդական վեճը մահից տարածություն եւ ժամանակ նվաճելու համար: Ռեքվիեմներում ողբերգական ուժով հնչում են Աստծո վեմը սասանող էջերը, որոնց հաջորդում են նաեւ գեղեցկության շլացուցիչ բռնկումներ, քնարական դրվագներ, ի վերջո՝ ծավալվում է կյանքի տարերքը ներկայացնող մեղեդին»: Հետաքրքրությանը, թե հրավերի դեպքում Արեւմուտքում երգչուհին հանդես կգա՞ էրոտիկ կամ «բաց» օպերային ներկայացումներում, Ի. Զաքյանը հայտնեց հետեւյալը. «Թատրոններում ժամանակակից մոտեցումներն ընդունում եմ: Ու թեեւ Գերմանիայի որոշ քաղաքների օպերային թատրոններում նախկին հայաստանցի որոշ գործընկերներս (չնշեց անուններ) հանդես են գալիս նման բեմադրություններում, ես դա ընդհանրապես մերժում եմ»:
«Առավոտ» օրաթերթ