Իջեւան քաղաքի ծայրամասում` Երեւանյան փողոցի ներքեւի մասում ոստիկանները բացահայտել են անառականոց: Ընկուզենիներով պատված այդ վայրը Իջեւանում հայտնի է «Պոպոքնուտ» անունով: Տարածքը քաղաքի սեփականությունն է: Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչուհի Աշխեն Թամրազյանը իր ծանոթ աղջիկներին հրավիրել է այդտեղ եւ նրանց «հրամցրել» այցելու տղամարդկանց: Վերջիններս «Պոպոքնուտում» նաեւ կերուխում են արել: Կանայք իրենց մատուցած ծառայությունների դիմաց ամեն հաճախորդից վերցրել են 4-5 հազար դրամ, որի մի մասը տվել են կավատին: Մեր տվյալներով` այդ գործում ներգրավված է եղել սոցիալապես անապահով չորս երիտասարդ կին: Վերջիններս թեեւ երեխաներ ունեն, սակայն չունեն ամուսիններ: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ Աշխեն Թամրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածով (Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը: Պատիժը՝ տուգանք կամ մեկից ութ տարի ազատազրկում):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ