«Առավոտի» նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ հարուցված քրեական գործերին՝ տեղեկացնելով նախաքննության արդյունքների մասին: Ինչ եղավ դրանից հետո: «Առավոտը» փորձել է գնալ այդ գործերի հետքերով:
Դատապարտյալներին միացավ
ՔԿՀ աշխատակիցը
ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության էր եկել դատապարտյալների հետ եւ իրացնելու նպատակով հիմնարկից դուրս ձեռք էր բերել թմրամիջոցներ:
Նախաքննության, ապա դատաքննության ժամանակ հաստատվեց, որ Ա. Առաքելյանն իր բջջային հեռախոսահամարն էր «թողել» դատապարտյալներին, որպեսզի իր հետ կապվեն թմրամիջոց փոխանցողները, ապա՝ պայմանավորվեն հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ 2009թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց փողոցում Ա. Առաքելյանը հանդիպել է դատապարտյալ Հ. Վարդանյանի եղբայր Արմեն Վարդանյանի հետ: ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալի եղբորից ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել խոշոր չափերի հասնող 0.056 գրամ բուպրենորֆին, 0.65 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 0.6 մլ քացախաթթվի անհիդրիդ:
Բացի այդ, Ա. Առաքելյանը Հ. Վարդանյանին թմրամիջոց իրացնելու նպատակով, նույն օրը եւ նույն վայրում հանդիպել է վերջինիս անչափահաս որդուն՝ Հ. Վ.-ին, նրանից կրկին ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել խոշոր չափերի՝ 0,04 գրամ ընդհանուր քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց: Այսինքն՝ նաեւ անչափահասին են ներքաշել հանցագործության մեջ:
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Հայկ Վարդանյանը եւ Աբրահամ Քեշիշօղլյանը Ա. Առաքելյանին առաջարկել են 10 000 դրամ վարձավճարի դիմաց ձեռք բերել թմրամիջոցներ, փոխադրել ՔԿՀ տարածք եւ իրացնել իրենց: Վարդանանց փողոցում գտնվող «Արեւիկ» խանութի դիմաց արդարադատության համակարգի ներկայացուցիչը հանդիպել է Ֆ.Համզոյանին եւ Ա. Քեշիշօղլյանին, նրանցից ապօրինի ձեռք է բերել եւ պահել 2.71 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ պրեկուրսոր հանդիսացող 3.8 մլ քացախաթթվի անհիդրիդ:
Հաջորդ օրը ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները Ա. Առաքելյանը փորձել է փոխադրել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի տարածք: Սակայն քրեակատարողական վարչության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցները նրա մոտից հայտնաբերել եւ առգրավել են հիշյալ թմրամիջոցների ողջ ծավալը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Առաքելյանը հանցավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատապարտյալ Հ. Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ազատազրկվել 3, 5 տարի ժամկետով:
Իսկ Ֆ. Համզոյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով:
Մեկ այլ դատապարտյալ՝ Ա. Քեշիշօղլյանը հանցավոր է ճանաչվել 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել է ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:
Ամենաբարձր պատժաչափով՝ 9 տարվա ժամկետով դատապարտվեց Ա. Վարդանյանը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով:
ԱԱԾ-ի վարորդի դիմադրությունը արժեցավ 1 տարի
Արտաշատի բնակիչ Մ. Գրիգորյանը 2010թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 17:50-ի սահմաններում, վարելով ՀՀ ԱԱԾ-ում հաշվառված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, այն կանգնեցրել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում՝ հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմասում:
ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ՃՊԾ տեսուչներ Ա. Բեկլարյանը, Հ. Սուքիասյանը եւ Դ. Մկրտումյանը ծառայություն կատարելու ժամանակ հայտնաբերել են խախտումը: Դ. Մկրտումյանը բարձրախոսով դիտողություն է արել Մ. Գրիգորյանին եւ պահանջել, որ վերջինս ավտոմեքենան դուրս հանի ուղեմասից: Մ. Գրիգորյանը վիճել է ոստիկանության տեսուչների հետ եւ չի կատարել նրանց օրինական պահանջները, այն է՝ չի ներկայացրել ավտոմեքենայի տեխանձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը, վիրավորել նրանց: Ըստ նախաքննության տվյալների՝ Մ. Գրիգորյանին է մոտեցել միջադեպին ականատես, ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնի քննիչ Ս. Նազարպուրը, ով փորձել է կանխել միջադեպի հետագա զարգացումը: Սակայն Մ. Գրիգորյանը բռնություն է գործադրել Ս. Նազարպուրի եւ Դ. Մկրտումյանի նկատմամբ, դիմել է փախուստի: Դ. Մկրտումյանի եւ Ս. Նազարպուրի նկատմամբ բռնություն գործադրելու համար Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մ. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Տեղեկացնենք, որ «Առավոտը» հետամուտ է լինելու նախաքննությամբ ավարտված եւ դատարան ուղարկված գործերի քննությանը:
«Առավոտ» օրաթերթ