Մեղադրյալներից մեկը հետախուզվում է
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու եւ առեւտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 166 775 568 դրամ գումար, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առեւտրային կաշառք:
ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ եւ ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով մինչեւ 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են տարածքային հարկային տեսչություններ եւ ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:
Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքների կողմից:
Ի. Գեւորգյանը մինչեւ 2010թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում տարածքային հարկային մարմիններում եւ մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ եւ ստացել բոնուսային գումարներ: 2010թ. հուլիսին Ի. Գեւորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Ս. Թազիյանի հետ՝ ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:
Օգտագործելով իրենց մտերմական, ընկերական եւ հարազատական կապերը, նրանք հավաքել են 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեններ: Իսկ Ի. Գեւորգյանը որոշ քաղաքացիների շահագրգռելու համար յուրաքանչյուր պատճենի համար վճարել է 500-1000 դրամ:
Բացի այդ, Ի. Գեւորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների՝ 2-րդ եւ 3-րդ եռամսյակների ընթացքում ելքագրված եւ այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւանի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել եւ որպես առեւտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ի. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ս. Թազիյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Առավոտ» օրաթերթ