Մարդիկ ՄԻԱՎ վարակակրի օգտագործած համակարգչից չեն ուզում օգտվել, իսկ նրանց հետ հարեւանություն անելու մասին խոսք լինել չի կարող:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի քանի օր առաջ սոցիալական ներառման վերաբերյալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույց էր հրապարակել: Զեկույցում մի ուշագրավ հատված կա, որը վերաբերում է հայ հասարակության հանդուրժողականությանը՝ որպես հարեւան: Հետազոտություն անցկացնելիս մարդկանց հարցրել են, թե ի՞նչ տիպի, ի՞նչ կարգի հարեւան չէիք ուզենա ունենալ ձեր շրջապատում: Պարզվում է՝ մեր ազգաբնակչությունն ավելի շատ կցանկանար ունենալ տարբեր մշակույթի տեր հարեւաններ, տարբեր լեզուներով խոսացող, անգամ տարբեր կրոնների դավանող, միայն թե ոչ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: Մեր հասարակությունն ավելի շատ կարող է հանդուրժել անտուն ու անտեր մարդկանց հարեւանությունը, քան ՄԻԱՎ վարակակիրների: Դրանից ավելի վատ՝ մարդիկ, փաստորեն, ըստ հետազոտության, վերաբերվում են մեկ էլ թմրամոլներին, հարբեցողներին ու հոմոսեքսուալներին: Համենայնդեպս, հարցվածների 89%-ը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ վատ տրամադրվածություն եւ, հետեւաբար, սխալ ինֆորմացիա ունի:
ՄԻԱՎ վարակակիրներից մեկը մեր թերթին տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես է իր հարեւանների հետ «հայավարի» սուրճ խմելիս լսել, որ պատահաբար սուրճի բաժակները խառնելով՝ նրանցից մեկը մյուսին կշտամբել է. «լավ, դե ի՞նչ տարբերություն, մեկը խմի, ես հո սպի՞դ չեմ»: Վարակակրի պատմելով՝ ինքը մի քանի րոպե չի կարողացել իր զգացմունքները կառավարել ու ցույց տալ, թե ոչինչ չի եղել: Այն, որ հասարակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին բավականաչափ ինֆորմացիա չունի՝ հաստատում է նաեւ ՄԱԶԾ-ի զեկույցը, ուստի հարց է առաջանում՝ այսքան տարիների ընթացքում ինչո՞վ է զբաղվում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, եթե չի կարողացել իրազեկել մարդկանց, որ սուրճի բաժակից, միմյանց հետ հարեւանություն անելով, իրար հյուր գնալով՝ չես վարակվի: Ավելին՝ ՄԻԱՎ վարակը չի փոխանցվի անգամ շատ ջերմ հարեւանություն անելու դեպքում, երբ ամեն օր մարդիկ իրար տեսնելիս համբուրվեն ընկերաբար կամ նույնիսկ՝ ֆրանսիական տարբերակով, որովհետեւ մասնագետները գտնում են, որ թքի մեջ վիրուսի խտությունը բավարար չէ՝ միմյանց վարակելու համար:
Հաշվի առնելով, որ հայերը հարեւանասեր ազգ են, կարելի է դիտարկել շփման բոլոր հնարավոր ձեւերը հարեւանի հետ ու պարզ կլինի, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակրից այդ առումով որեւէ վտանգ չկա: Ի տարբերություն շատ վիրուսների՝ ՄԻԱՎ-ը օդի, ջրի, սննդամթերքի եւ կենցաղային առարկաների միջոցով չի կարող փոխանցվել, հետեւաբար ձեռքով բարեւելու, գրկախառնվելու, միմյանց հյուր կանչելու, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից օգտվելու դեպքում հնարավոր չէ վարակվել: Անգամ միեւնույն սանհանգույցից կամ լողավազանից օգտվելու դեպքում վարակվելու հավանականությունը չնչին է:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Մենք հանուն հասարակական հավասարության» հ/կ-ի նախագահ Կարեն Բադալյանը պարզաբանեց. «Սովորաբար ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը իրազեկման հարցում աշխատում է հիմնականում թիրախային խմբերի, ասենք՝ մարմնավաճառների, թմրամոլների, վտանգավոր սեռական կյանք վարողների շրջանում, ուստի լայն հասարակական շերտերն իսկապես տեղեկացված չեն վարակի փոխանցման ուղիների մասին: ՄԱԿ-ի հետազոտության այդ 89 %-ը հենց հասարակության ոչ թիրախային շերտն է, որոնց հետ աշխատել են միայն տարեկան 1-2 անգամ, օրինակ՝ դեկտեմբերի 1-ին, այսինքն՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ միջոցառումների ժամանակ: Մենք նույնպես հետազոտություններ ենք արել ու չեք պատկերացնի՝ ինչպիսի պատասխաններ ենք ստացել: Հարցին՝ եթե իմանայիք, որ ձեր աշխատավայրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր կա, ինչպե՞ս կվարվեիք՝ մարդիկ պատասխանել են, որ տնօրենին կզգուշացնեմ, եթե նրան չազատեն աշխատանքից, ինքս կհեռանամ, նրա օգտված համակարգչով չեմ աշխատի, նրա հետ նույն աշխատասենյակում չեմ նստի, այսինքն՝ մարդկանց թվում է, որ այդ վարակը գրիպի պես բան է ու կարելի է շատ շուտ վարակվել»:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից խոստացան պատասխանել, թե տարեկան միջինը որքա՞ն գումար է ծախսվում՝ բրոշյուրների տպագրման, ինֆորմացիոն թերթիկների տարածման, ինֆորմացիոն միջոցառումների կազմակերպման համար:
«Առավոտ» օրաթերթ