ԱՄՆ-ում Լոս Անջելես քաղաքում մեծ հաջողությամբ են անցել Երեւանի Կամերային պետական թատրոնի հյուրախաղերը: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին ASA ART միջազգային հոլդինգից, հյուրախաղերը «Աշխարհի թատրոններ» փառատոնի շրջանակներում կազմակերպել էին իրենք: «Մենք չվախեցանք Կամերային թատրոնին 3 անուն ներկայացումով հրավիրել ԱՄՆ,- ասաց ռեժիսոր-պրոդյուսեր եւ ASA ART հոլդինգի ու փառատոնի համահիմնադիր Արթուր Էլբակյանը:- Մենք միտումնավոր կազմակերպեցինք թատրոնի խաղացանկային հյուրախաղեր, որ փառատոնի ժյուրին կարողանա գնահատելու մեծ հնարավորություն ունենա: 20 տարի ոչ մի հայաստանյան պրոֆեսիոնալ թատերախումբ չի ներկայացել ամերիկյան հանդիսատեսին»: Մեկ ամսվա ընթացքում «Ի զեն» եւ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումները հանդիսատեսին ներկայացվեցին մեկ անգամ, իսկ «Կառավարական համերգը»՝ երկու: Լեփ- լեցուն դահլիճները եւ բրավոները ապացուցեցին, որ իսկապես կայացավ թատերական տոնը:
«Աշխարհի թատրոններ» փառատոնի մրցանակակիրները հայտնի կդառնան այս տարվա վերջին: