Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմավեկտորության վնասները

Նոյեմբեր 02,2011 12:53

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերջին հանրահավաքում, որում նա առնվազն չի բացառել հերթական խորհրդարանական ընտրությունները, չարախնդություն է առաջացրել ՀԱԿ-ի հակառակորդների շրջանում: Ի դեպ, Կոնգրեսի այդ, այսպես ասած, «տարբերակ B-ն»՝ հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ իմփիչմենթ հայտարարել Սերժ Սարգսյանին, բացի կասկածելի իրագործելիությունից, ունի նաեւ մեթոդաբանական թերություն՝ ներկայիս Սահմանադրությամբ՝ ԱԺ-ում ընդդիմադիր մեծամասնություն ունենալու դեպքում նախագահը լծակներ չի ունենա երկիրը ղեկավարելու, եւ նրա հրաժարականի հարցը կանխորոշված կլինի:
Դառնալով չարախնդությանը՝ պիտի ասեմ, որ այդ զգացումը բացարձակապես չեմ կիսում: Ազատության հրապարակում կանգնածների թիվը հակառակ համեմատական է իշխանավորների անվերահսկելիությանն ու ամենաթողությանը, քանի որ մենք առայժմ չենք ստեղծել պետական մեխանիզմներ՝ իշխանավորների ախորժակը զսպելու համար: Եթե չարախնդողները հենց նրանք են, ովքեր միշտ ուզում են անզուսպ լինել, դա, իհարկե, հասկանալի է: Բայց ինչու են մնացածներն ուրախանում՝ չեմ կարող ասել: Հավանաբար, ՀԱԿ-ի հետ ինչ-ինչ հաշիվներ ունեն:
Ուրիշ հարց, որ Կոնգրեսն էլ պետք է գոնե իր համար ինքնաքննադատորեն վերլուծի իրավիճակը (ինչը երբեք չի արել) եւ փորձի իր՝ թեկուզ նեղ շրջանակում պատասխանել հարցի՝ ինչո՞ւ հրապարակում կրիտիկական զանգված չի հավաքվում: Կարծում եմ՝ պատճառը պարզ է. դա, օգտագործելով ԱԳ նախարար Նալբանդյանի եզրաբանությունը, «բազմավեկտոր քաղաքականությունն է»: Որեւէ գործ սկսելուց առաջ դու պետք է որոշես, թե ով է քո «թիրախային խումբը», քո հանդիսատեսը, սպառողը: Հայաստանի 20 տարվա պատմության փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր գործունեության համար հիմնական սպառողը լյումպենացված զանգվածն է՝ ընչազուրկ, հուսահատված մարդիկ, որոնք լցված են ատելությամբ ցանկացած իշխանության հանդեպ եւ պատրաստ են գնալ այդ իշխանությունը տապալելու հայտ ներկայացրած ցանկացած մարդու ետեւից, անկախ նրանից՝ այդ գործիչը Արշակ Սադոյանն է, Արկադի Վարդանյանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իշխանությունների «համառ ջանքերի» շնորհիվ այդ զանգվածը մեր երկրում չի քչանում: Եթե Կոնգրեսը աշխատեր միայն այդպիսի մարդկանց համար, ապա նա չպիտի խոսեր երկխոսության մասին եւ աներ նման փորձեր, չպիտի հայտարարեր, որ չի պատրաստվում ոչ մի ցանկապատ ջարդել, չէր ասի, որ հնարավոր են հերթական ընտրություններ: Բայց ՀԱԿ-ի տարբերությունը նախորդ ընդդիմություններից այն է, որ այդ քաղաքական ուժը ցանկանում է իր խոսքը հասցնել նաեւ մտածող, գործունյա, ակտիվ մարդկանց: Սակայն այդ դեպքում Կոնգրեսը պետք է իր գործելաոճից բացառի հայհոյանքը, պիտակավորումը եւ շանտաժը:
Երկուսից մեկը: «Լյումպենական» տարբերակի դեպքում «զանգվածներն» ապահովված են, արդյունքը՝ խիստ կասկածելի: «Պասսիոնար» մարդկանց տարբերակում զանգվածը շատ ավելի համեստ է լինելու, արդյունավետությունը՝ շատ ավելի բարձր: Երբ փորձում ես երկուսը համատեղել, ո՛չ մեկն է ստացվում, ո՛չ էլ մյուսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930