Վերջին շրջանում Հայաստանյան լրատվական դաշտի անբաժանելի մասը դարձած տարբեր մամուլի ակումբները, որոնց հիմնական բանուգործը ասուլիսներ ու բանավեճեր կազմակերպելն է, երբեմն հենց իրենք չափազանց անկազմակերպ են: Երբ ամիսը մեկ անգամ ես գնում-հասնում ակումբ, եւ դուռը փակ գտնում, դեռ մի կերպ դիմանում ես, բայց երբ երկու օր իրար հետեւից տարբեր ակումբներ հրավիրում են ասուլիսի եւ պարզվում է, որ այդ հանդիպումները հանվել են կամ հետաձգվել, ու ակումբը չի բարեհաճել առնվազն ժամանակին տեղյակ պահել լրատվամիջոցներին՝ լռելը դժվար է: Երեկ «Հենարան» ակումբում պիտի հյուրընկալվեր Վարդան Բոստանջյանը, այսօր «Պոստ սկրիպտումում» պիտի բանավիճեին Կարինե Աճեմյանն ու Ռուզան Առաքելյանը: Երկու հանդիպումներն էլ չկայացան: Եվ չնախորդեց ոչ մի նախազգուշացում, ոչ մի ժամանակին հայտնված տեղեկություն՝ հետաձգված կամ չկայացող հանդիպման մասին: