Երեկ հրաժարականների լուրերը լսելով՝ ընկերներիցս մեկը կատակեց. «Այսպես որ շարունակվի, մինչեւ օրվա վերջ երեւի Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն էլ կլսենք»։ Սակայն եթե ավելի լուրջ լինենք՝ այս բոլոր հրաժարականներն ուղղված են հենց այդ մի հրաժարականը կանխելուն։ Եվ ընդհանրապես, այս ամենի մեջ մի շատ վատ բան կա, որի մասին «սենսացիայի» հետեւից ընկած լրագրողներս մոռանում ենք. մեր երկրի ողջ ընթացքը, բոլոր իրադարձությունները, բոլորի ջանքերն ուղղված են սոսկ մի բանի՝ ընտրություններին։ Այդ մասին, դիտմամբ թե պատահմամբ, երեկ հայտարարել Է նաեւ ԱԺ հեռացող նախագահը՝ ասելով. մենք հիմա պետք է կենտրոնանանք ընտրությունների վրա։ Թե ինչու պետք է 6-7 ամիս առաջ կենտրոնանան ընտրությունների վրա, ինչ կարիք կա, որ այդ կենտրոնացման համար ԱԺ նախագահը հրաժարական տա, եւ բոլոր կադրային շարժերը կատարվեն այդ տեսանկյունից, պարզ չէ։ Սա նշանակում է, որ Աժ նախագահի, ոստիկանապետի, փոխվարչապետի եւ այլ պաշտոնները կարեւոր դերակատարում ունեն ընտրությունների փուլում։ Բացի այդ՝ սա խոսում է նաեւ այն մասին, որ իշխանությունները եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը մտավախություններ ունեն առաջիկա ընտրությունների հետ կապված, եւ քանի որ գերխնդիրը վերարտադրվելն է, ամեն ինչ անում են այդ խնդրի լուծման համար։ Եվս մի հետեւություն. կադրերի ընտրության հարցում Սերժ Սարգսյանն առաջնորդվում է դավաճանությունը բացառելու սկզբունքով, նրանք, ովքեր կարող են անցնել Ռ. Քոչարյանի ճամբարը, պետք է հեռանան։
«Հրապարակ»