Այսօրվանից` նոյեմբերի 2-ից, Ռուսաստանի վերահսկողության կոմիտեն փորձարկելու է Վերահսկողության ծրագրային-ապարատային համակարգը, որն արդեն դեկտեմբերից գործարկվելու եւ հետեւելու է «զանգվածային տեղեկատվության ազատությունը չարաշահելու անթույլատրելիության վերաբերյալ ԶԼՄ-ների մասին օրենքի 4-րդ հոդվածի կատարմանը»:
Ինչպես փոխանցում է newsru-ն, տեքստերի մոնիտորինգի համար համակարգի հիմքում դրված է ավելի քան 5 միլիոն բառերի եւ բառակապակցությունների բառարան: Համակարգը հետեւելու եւ արձանագրելու է նաեւ պոռնոգրաֆիկ նկարներն ու տեսագրությունները:
Դեկտեմբերից արդեն վերոհիշյալ Կոմիտեն վերահսկողության տակ է առնելու զանգվածային բոլոր գրանցված լրատվամիջոցները եւ մեխանիկորեն հետեւելու է դրանցում «արգելված» բառերի եւ բառակապակցությունների հրապարակմանը: Կասկածելի էջերն ուղարկվելու են Կոմիտեի փորձագետներին` քննության ենթարկելու համար, որից հետո դրանց առնչությամբ որոշումներ են ընդունվելու: Կոմիտեի ղեկավարի տեղակալ Միխայիլ Վորոբյովն ասել է, թե սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, որովհետեւ նման մոնիտորինգ այսօր էլ է իրականացվում, բայց ձեռքով` որոնման համակարգերի միջոցով:
Ի դեպ, արգելված բառարանում ներառվել են այնպիսի բառեր ու բառակապակցություններ, որոնք դասվում են ծայրահեղականության, ազգամիջյան խտրականություն բորբոքելու, գոյություն ունեցող պետական կարգի խաթարման եւ այլնի հատկանիշներին: Բազմամիլիոնանոց արգելված բառերի ցանկի ի հայտ գալը Ռուսաստանում արդեն շատերը որակել են որպես` գրաքննություն սահմանելու փորձ: