Հայրենասիրությունը Ալեքսանդր Սպենդիարյանի այցեքարտն էր
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ կկայանա միջոցառում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ծննդյան 140-ամյակին:
Հայ մշակույթի մերօրյա երախտավորները «Առավոտի» հետ զրույցներում մշտապես ակնածանքով են խոսել 1967թ. Երեւանում բացված առաջին երաժշտական՝ Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի մասին: Մասնավորաբար, երախտիքի խոսքեր շռայլել մշակութային այս օջախի հիմնադիր, անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի եւ ներկայիս տնօրեն Մարինե Օթարյանի հասցեին: Թամանյանական այս տան հարուստ հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին ու ձեռագրերը, որոնք ներկայացնում են նրա փոխհարաբերությունները մշակույթի խոշորագույն գործիչների հետ:
Դնեպրի ափին ծնված, ապա ժամանակ առ ժամանակ բնակավայրը փոխած Սպենդիարյանը 1924 թվականին տեղափոխվելով Երեւան, հատուկ է ընտրում Նալբանդյան 21 հասցեի տունը, որովհետեւ այնտեղից հիանալի երեւում էր Արարատը: Մեր զրուցակիցները կատակում են, թե այն ժամանակ կոմպոզիտորը ի՜նչ իմանար, որ հետագայում եվրոպական չափանիշների ձգտող մեր քաղաքաշինության արդյունքում տեսադաշտից կկորչի իր ստեղծագործական մուսան՝ Արարատը:
Միանշանակ, կոմպոզիտորի գլուխգործոցը համարվում է իր միակ «Ալմաստ» օպերան, որը նրա մահից հետո միայն՝ 1930թ. բեմադրվեց Մեծ թատրոնում, այնուհետեւ Թբիլիսիի եւ Օդեսայի օպերային թատրոններում, իսկ 1933թ. «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Երեւանի օպերային թատրոնը: Ի դեպ, 1939-ից այն կրում է Սպենդիարյանի անունը:
Մասնագետների փոխանցմամբ, լիբրետոյից բխող գաղափարական կարգի անընդունելի կոնցեպցիան, հատկապես հայ կնոջ կերպարը արատավորող գծի առկայությունը, մի տեսակ ստվերոտ է դարձնում «Ալմաստի» գաղափարական բովանդակությունը: Հենց այն հանգամանքը, որ ունկնդիրը ատելությամբ է լցվում գլխավոր հերոսուհու նկատմամբ՝ հայրենիքի հանդեպ նրա դավաճանությունից ելնելով, ցույց է տալիս, թե որքան վարպետությամբ է կոմպոզիտորն օգտագործել թումանյանական սյուժեի այդ «կողմը», հասնելու համար իր բարձր նպատակին:
«Ալմաստը», որ Երեւանում առաջինը բեմադրեց Արշակ Բուրջալյանը, պիտի ունենար տարօրինակ ճակատագիր: Չգիտես ինչու, բուրջալյանական «Ալմաստի» բեմադրող դիրիժոր Գեորգի Բուդաղյանին պարզապես չեն թողել ղեկավարել ներկայացման պրեմիերան, որն իրականացրել է Վրաստանից հրավիրյալ դիրիժոր Ս. Ստոլերմանը: Երկրորդ բեմադրությանը ձեռնամուխ եղավ Վարդան Աճեմյանը, սակայն այն ավարտեց Կիմ Հովհաննիսյանը՝ Մ. Սարյանի նկարչական ձեւավորմամբ, ինչն էլ ներկայացվեց 1939թ. Մոսկվայում՝ Հայկական առաջին տասնօրյակի օրերին: Աճեմյանի անունը չէր կարող երեւալ մոսկովյան ներկայացմանը, որովհետեւ նա Աղասի Խանջյանի բարեկամն էր… Թամարա Շահնազարյանի Ալմաստի առաջին դերերգից հետո Մոսկվայում այդ կերպարում փայլում է 24-ամյա Տաթեւիկ Սազանդարյանը:
Ներկայացումը վերականգնվում է 1960-ականներին՝ Վ. Բագրատունու կողմից, այնուհետեւ հաջորդ բեմադրությունը արդեն խաղաղ պայմաններում իրականացնում է Վարդան Աճեմյանը՝ Մինասի եւ Օհան Դուրյանի հետ: Հետո դարձյալ նոր բեմադրություն՝ արդեն 70-ականներին, այս անգամ Նովոսիբիրսկից հրավիրում են Վ. Բագրատունուն, որն էլ դիրիժոր, բեմադրիչ Յու. Դավթյանի հետ է բեմ հանում «Ալմաստը»: Սրան դարձյալ հետեւում է երկարատեւ լռություն: Վերջին «Ալմաստը» իրականացրեց Պերմի օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Գեորգի Իսահակյանը՝ դարձյալ Յու. Դավթյանի հետ:
Ստացվեց այնպես, որ խոսեցինք միայն կոմպոզիտորի մեծամասշտաբ կտավի շուրջ, սակայն դեռ Ռիմսկի-Կորսակովից սկսած, հիացել են Ալ. Սպենդիարյանի վոկալ, սիմֆոնիկ ստեղծագործություններով: Ասում են՝ եթե Սպենդիարյանը չընտրեր կոմպոզիտորի մասնագիտությունը, ապա կդառնար հիանալի նկարիչ: Նրա վրձնած կտավների մասին շռայլ է արտահայտվել հատկապես Այվազովսկին: