Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Յուրայիններ» եւ «օտարներ»

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"Լոռու մարզպետարանում եւ Վանաձորի քաղաքապետարանում սեփական քմահաճույքով են որոշում, թե որ լրատվամիջոցին տեղեկացնեն այս կամ այն իրադարձության մասին:

Մինչ Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) յուրաքանչյուր երկուշաբթի վարչության պետերից պահանջում է համակարգված ու միասնական աշխատանք,  նկատի ունենալով, որ յուրաքանչյուր լավ գաղափար խորհրդակցության արդյունքում է ծնվում, մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այս էլ որերորդ անգամ խտրականություն է դնում լրատվամիջոցների մեջ: Բազմաթիվ հարցումներին, թե մարզպետարանի հիշյալ բաժինը հատուկ պատճառ ունի չտեղեկացնելու կազմակերպվող միջոցառումների մասին, նախ պատասխանում էին, թե պարտավոր չեն, ապա «մի անգամ էլ դու զանգի, տես ինչ կա-չկա»,- արդարանալու պատրվակով հորդորում էր Լոռու մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը:
Ստացվում է, որ Լոռիում լրագրողի առավոտը պետք է սկսվի լրատվության բաժիններ զանգելով, քանի որ Վանաձորի քաղաքապետարանի նույնանուն բաժինն էլ միջոցառումների մասին նախապես չի ծանուցում, որեւէ տեղեկատվություն չի տալիս, նույնիսկ ավագանու նիստերի մասին է լռում: Վանաձորի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Խորեն Գասպարյանն ասում է. «Ես պարտավոր չեմ ձեզ զանգել, ավագանու նիստերի օրն ու ժամը փակցված է քաղաքապետարանի դռան վրա եւ տպագրվում է «Լոռու մարզ» թերթում, «Լոռու մարզ» կարդացեք»:
Հիմա էլ ստացվում է, որ Լոռիում լրագրողը պիտի հերթապահի քաղաքապետարանի դռան առջեւ, որպեսզի սպասվող իրադարձությունների մասին տեղեկանա:
Լրատվության բաժինների աշխատակիցները արդարանում են, թե կազմակերպվող միջոցառումների ծանուցումները տեղադրված են կայքերում, սակայն դրանք ուշացած են լինում, տեղադրվում են միջոցառման օրվանից ուշ, շատ կայքեր էլ ձեւական են, չեն թարմացվում ամիսներով:
Գուցե Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը մտավախություն ունեն, թե շատ լրատվամիջոցների ներկայության պարագայում նիստում արծարծված խնդրահարույց հարցերը ավելի մեծ ուշադրությա՞ն կարժանանան, հասարակական հնչեղությո՞ւն կստանան: Ավելի լավ: Քիչ չեն դեպքերը, երբ «Առավոտի» կամ այլ լրատվամիջոցի հրապարակումից ու լրագրողից են մարզպետարանի կամ համայնքապետարանի պատասխանատուները տեղեկանում մարզում եւ քաղաքում առկա խնդիրներին:
Մի վատ տրամադրվածություն էլ կա Լոռիում: Պաշտոնյաները նախընտրում են միայն հեռուստաընկերություններին, իսկ քննադատական նյութեր տպագրող, նաեւ պաշտոնյայի վատ աշխատանքի արդյունքում առաջացող կամ չլուծվող խնդիրների մասին գրող լրատվամիջոցները՝ «յուրային» չեն: Բայց պաշտոնյայի թերացումը, հանրության թերությունները, առկա բացերը ներկայացնելը լրատվամիջոցի համար ինքնանպատակ չէ: Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը շատ ավելի լավը, մաքուր ու պայծառ լինի: Իսկ դրա համար պետք է տեսնել խնդիրները: Մենք օգնում ենք տեսնել ու նաեւ լուծման ուղիների վերաբերյալ տեսակետեր ենք ներկայացնում: Մենք մեր գործն ենք անում: Ու մեզ չտեղեկացնելով՝ ոչ մի հարց չի լուծվում, հակառակը՝ հարցեր են ծնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել