Թոշակառուները եկել են այն համոզման, որ բնակիչները համայնքի պատասխանատուներին եւ տարածքի պատգամավորներին միայն ձայնի տեսքով են հետաքրքրում:
«Աղջիկ ջան, գիտե՞ս քանի անգամ եմ զանգել, բողոքել, որ գան, օգնեն, ծեր մարդիկ ենք, չենք կարող ինքնուրույն լուծել այս կեղտոտ հարցը: Գոնե 3 բանվոր ուղարկեն, փոխեն խողովակները, բայց բոլորը մերժում են, պատճառաբանելով, որ մեր գործը չի, զանգեք համայնքապետին: Բայց համայնքապետն էլ ասում է, որ պետք է պայմանագիր կնքեք, շենքի բնակիչներով համաձայնության գաք, ստորագրեք, դիմում գրեք, եւ նոր դրանից հետո հարցը կբարձրացվի, կքննարկվի, եւ կտեսնենք՝ կստացվի՞, թե՞ ոչ: Արդեն մեկ տարի մենք այս գարշահոտության ու ցեխի մեջ ենք ապրում, անգամ երբ շտապօգնության կանչ էինք տալիս, մերժում էին, չէին գալիս, պատճառաբանելով, որ մեքենան կխրվի ցեխի մեջ ու դուրս չի գա, տաքսիները նույնպես, մի խոսքով՝ ընկել ենք կրակի մեջ»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին դիմել Գյումրիի Մանուշյան 16ա շենքի բնակիչները, որոնք մոտ 1 տարի է՝ բողոքում են շենքի կոյուղու անսարքության դեմ, սակայն որեւէ կերպ հարցը չի լուծվում:
Բնակիչների խոսքերով, մոտենում են ցուրտ եղանակները, իսկ մարդիկ դեռ ապրում են այդ «տհաճ եւ «անուշաբույր» բակ ունեցող շենքում:
Շենքի 76-ամյա բնակիչ Լեւոն Ղազելյանի խոսքերով, տեսնելով, որ որեւէ մարմին իր վրա չի վերցնում կոյուղու նորոգման հարցը, բնակիչները ճարահատյալ գումար են հավաքել եւ սկսել են որոշ աշխատանքներ կատարել. «Ես եւ մի քանի թոշակառուներ 1000-ական դրամ հավաքեցինք եւ բանվորներ կանչեցինք՝ խնդրելով որպեսզի օգնեն, նրանք էլ երեւի խղճացին մեզ եւ այդ չնչին գումարի դիմաց իրենց օգնությունն առաջարկեցին, չհաշված նրան, որ հետագայում ասֆալտապատելու խնդիր ենք ունենալու, իսկ դա բանվորի գործ չէ, դա մեծ տեխնիկա է պահանջում, այդ ժամանակ էլ կրկին ընկնելու ենք դռնեդուռ, ճիշտ է, ծեր ենք, բանի պետք չենք, բայց մաքուր օդ ենք ուզում շնչել, ի՞նչ է, դրա իրավո՞ւնքն էլ չունենք»:
Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ խմելու ջրի խողովակները նույնպես վնասվել են: Ըստ նրանց, արդեն 2 ամիս է՝ խմելու ջուրը հոսելով հասնում է մինչեւ հարեւան շենքի բակերը. «Մի՞թե մի պատգամավոր կամ քաղաքական գործիչ չկա, որ գա ու իր օգնությունը ցույց տա իր քաղաքի բնակիչներին, թե՞ մենակ ընտրությունների ժամանակ են մեր ձայները պետք, կապ չունի՝ ողջ ենք, թե մեռած»: