Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխողները պակասում են

Նոյեմբեր 01,2011 00:00

«Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլի» գործերն էլ գնալով լավանում են.  ընկերության զուտ հասույթը 2010-ին կազմել է 27.2 մլրդ դոլար:

\"\"

Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում ծխախոտի նախընտրության վերաբերյալ մանրածախ առեւտրի կետերում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ ամեն 5-րդը ծխում է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլ» ընկերության արտադրանքը, այսինքն՝ մայրաքաղաքի ծխախոտի շուկայի 18.4%-ը «Ֆիլիպ Մորրիսի» մասնաբաժինն է կազմում: Մեր երկիր ներկրվող այդ ընկերության ծխախոտների մի մասն արտադրվում է ՌԴ Լենինգրադի մարզում գտնվող «Ֆիլիպ Մորրիս Իժորա» գործարանում, որտեղ արտադրությանը ծանոթանալու նպատակով ընկերությունը կազմակերպել էր լրագրողների այցելությունը Սանկտ Պետերբուրգ: Առաջին բանը, որ զարմացրեց մեզ 50 հա տարածք զբաղեցնող գործարանի մուտքի մոտ՝ այն էր, որ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին որեւէ հատիկ ծխախոտ մեզ հետ ներս տանել, անգամ, եթե այդ ծխախոտը «Ֆիլիպ Մորրիսի» արտադրանքն էր: Մեզ թվում էր, թե ընկերությունն այդ միջոցով պայքարում է, որ հանկարծ անփութորեն որեւէ կողմնակի ծխախոտ չխառնվի արտադրությանը եւ, այսպես ասած՝ «չեպե» չլինի, մինչդեռ, ինչպես հետո պարզվեց, դա խելացի կազմակերպված արտադրական պրոցեսի մի մասն էր, որովհետեւ գործարանում հազարավոր մարդիկ են աշխատում, եւ ամեն օր հարկ կլիներ տարանջատել՝ մարդն իր գնա՞ծ ծխախոտն է տանում, թե՞ գործարանի: Աշխատակիցները կարող էին ծխել գործարանի հյուրասիրած ծխախոտներից որքան \"\"ցանկանում են, իհարկե, ծխելու համար առանձնացված սենյակներում եւ հարգելով չծխողների իրավունքը: «Առավոտի» հարցին, թե «Ֆիլիպ Մորրիս Իժորայի» բոլո՞ր աշխատակիցներն են գայթակղությանը չդիմանալով ծխում՝ ընկերության հյուսիսային տարածաշրջանի հարցերով արտաքին եւ կորպորատիվ կապերի կառավարիչ Մարինա Կամաեւան պատասխանեց, որ կարելի է ասել՝ նրանք 50-50%-ի են բաժանվում:
Գաղտնիք չէ, որ «Ֆիլիպ Մորրիս» ինթերնեյշընըլը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որը ստեղծել է համաշխարհային ճանաչում ունեցող սիրված բրենդներ՝ «Marlboro»-ի գլխավորությամբ: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կորպորատիվ կապերի պատասխանատու Ահարոն Թադեւոսյանի ներկայացմամբ, ամեն տարի 33 երկրներում տեղակայված «Ֆիլիպ Մորրիսի» բոլոր 56 գործարանները միասին արտադրում են 860 մլրդ ծխախոտ: Անցյալ տարի ծխախոտի միջազգային շուկայի 16%-ը զբաղեցնում էր միայն «Ֆիլիպ Մորրիսը»՝ ԱՄՆ-ի շուկան չհաշված, իսկ եթե Չինաստանի շուկան էլ չհաշվենք, ընկերության մասնաբաժինը կկազմի 27%-ից ավելի: Կոնկրետ Ռուսաստանում ծխում է չափահաս բնակչության 40%-ը, եւ ՌԴ-ի հսկայական ծխախոտային շուկայի ավելի քան 25.5%-ը հենց «Ֆիլիպ Մորրիսն» է տնօրինում:
Չնայած աշխարհի շատ երկրներում հակածխախոտային լուրջ ծրագրեր են իրականացվում, սակայն ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս խոշոր ընկերության շահույթը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է, որ եթե նույնիսկ ծխողների թիվը պակասում է, «Ֆիլիպ Մորրիս» նախընտրողների թիվն է ավելանում: Մարինա Կամաեւան վստահեցրեց, որ իրենց արտադրանքի որակը վերահսկվում է 250 պարամետրերով, ինչը եւ տեսանք գործարանում շրջելիս. եթե մի ծխախոտը համային կամ որակական առումով, թեկուզ աննշան, չէր համապատասխանում նախօրոք ծրագրված չափանիշին, այդ ծխախոտն ավտոմատ կերպով դուրս էր ընկնում ընդհանուր շղթայից ու հետ էր գնում վերամշակման:
«Ֆիլիպ Մորրիս Իժորա» գործարանի մասնագետները մեզ մանրամասն ներկայացրին արտադրական ողջ գործընթացը՝ սկսած ծխախոտահումքի խոնավացումից, չորացումից ու մշակումից մինչեւ փաթեթավորումն ու տուփերի վրա ժամկետների տեղադրումը, այնուամենայնիվ, հետաքրքրասեր լրագրողները փորձում էին իմանալ, թե, ասենք, ինչ տեսակներ են խառնում «Marlboro»-ի, «Parliament»-ի կամ «L&M»-ի մեջ, ինչը, բնականաբար, կոմերցիոն գաղտնիք էր: Ինչ վերաբերում է ժամկետներին, մասնագետները բացատրեցին, որ չնայած տուփերի վրա արտադրության ժամկետի առկայությանը, ծխախոտային արտադրանքը պիտանի է անժամկետ, որովհետեւ անկախ ժամկետից՝ ծխախոտի բացասական ազդեցությունը նույնն է: Ամեն երկրի համար պատրաստի արտադրանքի տուփին մակնշվում էին այդ երկրում ընդունված համապատասխան պարտադիր պահանջները: Օրինակ, ՌԴ-ի համար դա «Ծխախոտը սպանում է» արտահայտությունն է, Հայաստանի համար՝ «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է ձեր ապագա երեխային» եւ այլն:
Նշենք, որ անգամ ծխելու հանդեպ մերժողական վերաբերմունք ունենալով՝ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության գործունեությանը ծանոթանալուց հետո հասկացանք, որ այս ընկերության աշխատակիցները՝ բանվորից սկսած մինչեւ վարչական պաշտոն զբաղեցնող, բախտավոր աստղի տակ են ծնվել: Ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնելուց բացի, ընկերությունը ոչ միայն իր աշխատակիցների, այլեւ նրանց ընտանիքների մասին հոգ է տանում՝ բժշկական ապահովագրությամբ խրախուսելով, կենսաթոշակային պետական միջոցներին հավելավճար մուծելով՝ մինչեւ ամառային ճամբարների ու միասնական հավաքների կազմակերպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել