Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միամիտներին չի նախանձում

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է,  որ ՀԱԿ-ը անկեղծ է

Հոկտեմբերի 28-ին՝  ՀԱԿ վերջին հանրահավաքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքից պարզ դարձավ, որ շարժման պայքարի հետագա տարբերակներից մեկն էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն ու մասնակցելն է: Երեկ «Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձեց ճշտել՝ այդ տարբերակը նո՞ր ծնվեց, ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում պարզ չէ՞ր քայլերի հետագա տրամաբանությունը, եւ ինչո՞ւ այդ ժամանակ ՀԱԿ-ը չհամաձայնեց կոալիցիայի առաջարկին՝ գնալ հերթական ընտրությունների՝ «քաղաքակիրթ մրցակցության կանոններով»: Լեւոն Զուրաբյանը հարցում մի քանի աղավաղում նկատեց. «Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել, ոչ էլ իշխանությունները նման առաջարկ են արել»: Առաջին դիտարկման առումով մեջբերենք ամսի 28-ի հանրահավաքում առաջին նախագահի ելույթի այդ հատվածը. «Հայ ազգային կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության կամ, այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը»: Կոալիցիայի առաջարկի վերաբերյալ «Առավոտի» հիշեցմանն էլ Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Օրակարգի ձեւավորման հարցում դա ձեւական մի մոտեցում էր իշխանության կողմից: Նրանք չցանկացան, որ օրակարգի ձեւավորումը լինի միայն ՀԱԿ-ի կողմից, եւ ինչ-որ մի ձեւական հարց բերեցին մտցնելու օրակարգ, բայց այնտեղ ոչ մի առաջարկ չկար հերթական ընտրությունների վերաբերյալ, անգամ պարզ չէր, թե իրենք ինչ են առաջարկում, որովհետեւ իրենք երբեք գրավոր փաստաթուղթ չներկայացրեցին, թե դրա տակ ի՞նչ են հասկանում: Իրենց առաջարկից մնացել է ընդամենը մի վերնագիր, որն ինձ անձամբ ոչինչ չի ասում»: Իսկ եթե իշխանությունն անկեղծ լիներ իր առաջարկում, ՀԱԿ-ում պատրա՞ստ էին այն ընդունել՝ հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մեզ համար ոչ արտահերթ ընտրություններն են ինքնանպատակ, ոչ էլ հերթականը: Ամենակարեւորը՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է, եւ եթե իշխանությունները առաջարկեին լուրջ ալտերնատիվներ մեր առաջարկին, այնպիսի առաջարկներ անեին, որոնք կապահովեին ժողովրդի եւ հասարակության վստահությունն առ այն, որ ընդունելով դրանք՝ մենք շարժվելու ենք դեպի ժողովրդավարության հաստատում Հայաստանում եւ լեգիտիմ իշխանության ձեւավորում, բնականաբար, մենք կքննարկեինք այդ այլընտրանքները: Իշխանությունը երբեք նման առաջարկով հանդես չեկավ»:
Ի դեպ, հանրահավաքյան իր ելույթում առաջին նախագահը նաեւ նկատել էր, որ ներկոալիցիոն անհամաձայնությունները կարող են խորանալ եւ ընդդիմադիր դաշտն ընդլայնելով՝ նոր հնարավորություններ բացել, ամենայն հավանականությամբ՝ նկատի ունենալով ԲՀԿ-ին: Մինչդեռ երեկ թերթերից մեկին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահը հայտարարել էր, որ իրենք չեն խախտելու կոալիցիոն հուշագիրը: Լեւոն Զուրաբյանի արձագանքն այս հարցին եղավ. «Ես չեմ նախանձում այն միամիտներին, որոնք կարծում են, որ սրանով հարցը լուծվել է: Տեսականորեն երկու տարբերակ է հնարավոր. տարաձայնությունները հանգեցնում են ապահարզանի, եւ ռեժիմը թուլանում է, կամ ռեժիմին, այնուհանդերձ, հաջողվում է հնազանդեցնել Ծառուկյանին եւ իր ղեկավարած կուսակցությանը»: Զուրաբյանի համոզմամբ՝ երկու տարբերակն էլ նպաստավոր է ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման համար: Եթե առաջինի դեպքում հաշվարկը պարզ է, ապա երկրորդի դեպքում Զուրաբյանի հիմնավորումն այսպիսին է. «Դա հստակեցում կմտցնի, եւ կգործի պարզ պատկեր: Կլինի պայքար՝ ռեժիմի եւ նրան սպասարկող ուժերի եւ համաժողովրդական, դեմոկրատական շարժման միջեւ: Հստակեցումը կարեւոր է, քանի որ եթե այսօր կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ԲՀԿ-ն կարող է որոշակի այլընտրանք լինել ռեժիմին, ապա բոլոր պատրանքները հօդս կցնդեն, եւ քաղտեխնոլոգները, որոնք կփորձեին այդ պատրանքը ստեղծել, այլեւս այդ հնարավորությունը չէին ունենա»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել