Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր է լուծելու Վովա Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում

Նոյեմբեր 01,2011 18:22

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատել է Ալիկ Սարգսյանին եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել է ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Այս նշանակման առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Գասպարյանի նման մարդու նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ցույց է տալիս, որ պետությունը որդեգրել է հանրային կարծիքի վրա թքած ունենալու քաղաքականություն. «Իշխանությունների համար նորմալ է, որ հասարակական նախաձեռնություններով հանդես եկող շարժումների դեմ  հրապարակային հայտարարություն արած անձին, ինչպիսին Վովա Գասպարյանն է, վստահի իրավապահ լուրջ կառույցի` ոստիկանության ղեկավարի պաշտոնը: Դա ցույց է տալիս, թե իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի հանրության նկատմամբ: Եվ, իհարկե, դա տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ, երբ փորձ է արվում ուժեղացնել ոստիկանությունը, որը  իշխանության ձեռքում հասարակական շարժումների կամ գործիչների դեմ որպես` բռնության ու ճնշման գործիք է օգտագործվում: Այդ տեսակետից որեւէ զարմանալի բան չկա, բայց եթե հույս ունեն, որ  դրանով կարող են կասեցնել մեր  հրապարակային գործունեությունը` չարաչար սխալվում են»,– ասաց Արթուր Սաքունցը:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում այս նոր նշանակման առնչությամբ մի փոքր այլ կարծիք ուներ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, Վլադիմիր Գասպարյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում, իհարկե, նախընտրական պատրաստություն է: Հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պաշտոնում Վլադիմիր Գասպարյանը, որ չի արել Ալիկ Սարգսյանը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Հարցն այն չէ, թե ի՞նչ կարող էր անել, այլ այն, թե` Ալիկ Սարգսյանը կարո՞ղ էր անել ավելին, որպեսզի Սերժ Սարգսյանի համար խնդիրներ չծագեին»:  Ստեփան Սաֆարյանը նկատի ուներ անցած հինգշաբթի օրը ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիների դեմ ցուցադրաբար ոստիկանական մեծ ուժեր կուտակելու փաստը, որն առաջացրել էր լարում եւ դժգոհություն: Պատգամավորի դիտարկմամբ, խնդիրն այն է, թե արդյոք Ալիկ Սարգսյանը, որը քաղաքացիների մի փոքր խմբի դեմ այդքան ուժեր էր դուրս բերել, կարո՞ղ է իրավիճակը վերահսկել հասարակական ավելի մեծ ուժերի կուտակման դեպքում: Ըստ Սաֆարյանի` ոչ. «Ալիկ Սարգսյանն ուղղակի ի վիճակի չէ գործել իրավիճակին համարժեք: Սա ավելի շատ կարողությունների խնդիր է, որ նա չուներ: Հիմա փորձում են բերել մեկին, որը իրավիճակի կլինի ավելի ադեկվատ գործել իր առջեւ կանգնած խնդիրը լուծելիս»: Պատգամավորի համոզմամբ, եթե ոստիկանությունում այդպիսի անձանց փոխատեղում է կատարվել, նշանակում է` Սերժ Սարգսյանն ուզում է հասարակական ընկալման իմաստով ունենալ ավելի պակաս խնդիրներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930