«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետի «կոտրած տաշտակին». «Վարչապետի խոսքերն ուղղակի շանտաժ են կոալիցիայի մյուս կուսակցությանը: Լինում են նման դեպքեր՝ մարդիկ սայթաքում են թույլ տալիս, միգուցե մտածված, միգուցե՝ ոչ, հետո բացատրություն է գտնվում դրան եւ բացատրությունը պարզ է, որ շատ վատ է լինում, որովհետեւ ճշմարտությունը չկա դրա մեջ: Անընդունելի բացատրություն է տրվում»: Անդրադարձավ նաեւ վարչապետի մեկ այլ՝ «դեստրուկտիվ» արտահայտությանը՝ նշելով, թե ինքն այսօր Հայաստանում ոչ մի ապակառուցողական տարր չի տեսնում: «Վերջերս մեկը շատ ճիշտ էր անալիզ արել, դեստրուկտիվ էլեմենտներին չեն հրավիրում համագործակցության: Մի քիչ բարդ է տրամաբանությունը հասկանալ»,- տարակուսում է Արամ Կարապետյանը: Ըստ նրա՝ այսպիսի դիրքորոշումներով կարող են հանդես գալ տարբեր կուսակցությունների անդամներ, բայց ոչ երբեք երկրի վարչապետը՝ գործադիրի ղեկավարը. «Այս դեպքում մի քիչ հասկանալի չի դառնում, թե ինչ է ինքը նախատեսում դրանից հետո, այսինքն՝ եթե ասեց, որ նրանք, ովքեր մեզ հետ չեն, կոտրած տաշտակի առաջ են կանգնելու… այսինքն՝ ի՞նչ է դուրս գալու»: ՆԺԿ նախագահի մեկնաբանությամբ՝ «Լավ լինելը նշանակում է հետեւյալը. այն գործիչները, որոնք ժամանակին եղել են շատ խիստ ընդդիմադիր, հիմա դարձել են չերչիլներ եւ այլն, այդ մարդիկ, որոնք ընդգրկվեն մեր հետ, ուրեմն կանցնեն խորհրդարան: Մոտավորապես նույն բանն է, ինչ որ ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ով մեզ հետ չի, նա տականք ա»:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն էլ այս հարցի վերաբերյալ խուսափեց մեկնաբանություններից՝ համարելով, որ արդեն շատ են դրանք հնչել, միայն ավելացրեց. «Ինչպես բնության մեջ գործում է ձգողականության կամ գրավիտացիայի օրենքը, այնպես էլ հասարակությունում եւ քաղաքականությունում եւս, եւ բնական է, որ շատ ավելի ծանրակշիռ զանգված ունեցող մարմիններ դեպի իրենց ձգում են փոքրերին: Այս պարագայում քաղաքական մեր հարթությունում գերծանր քաշայինը, իհարկե, Հանրապետականն է, եւ Հանրապետականի շուրջ ձեւավորված կոալիցիան է: Քաղաքական գործընթացներն ուղղակի պտտվում են կոալիցիայի շուրջ եւ թերեւս սա է պատճառը, որ ցանկացած ասված խոսք բավականին սուր մեկնաբանությունների տեղիք է տալիս»: