LernapatԱյս գյուղի գործարար Սամվել Հարությունյանը ամիսներ շարունակ շահագործել է գյուղի սարը՝ մեծ վնասներ հասցնելով համագյուղացիներին ու գյուղի միակ դպրոցին:
Լեռնապատի բնակիչ, հանքի պահակ Կամսար Թամարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գյուղում հանքօգտագործող Սամվել Հարությունյանը 2 անգամ պայթեցում է արել, ինչի հետեւանքով վնասվել են գյուղացիների տները եւ գյուղի դպրոցը, կրթօջախի եւ հանքին հարակից տների պատերը, գյուղացիների պատմելով, ճաքճքել են: Ճիշտ է՝ հանքի շահագործումը դադարեցված է, բայց հասցված վնասների դիմաց բնակիչները փոխհատուցում չեն ստացել:
«Մենք վախեցած ժողովուրդ, գյուղապետը կանգնում ասում էր, բան չկա: Ապօրինի հանք են օգտագործել, իմ իմանալով՝ գյուղապետը փայատեր է, քանի որ Վանոն (Լեռնապատի գյուղապետ, Ա. Ս) ձրի բան չէր տա»,- պատմում էր լեռնապատցի Թամարյանը: Նրա տեղեկություններով, հանքօգտագործող Հարությունյանը 200 միլիոն դրամի արտադրանք է հանել՝ առանց հարկ վճարելու պետբյուջե: Բնակիչ Բորիս Աֆռաշյանի խոսքերով էլ, գյուղապետն իրենց համոզում էր չբողոքել. «Արոտավայրի համար օրենքով մեկ հեկտարի համար 1000 դրամ է վճարը, բայց Հարությունյանը 529.000 դրամ է վճարել, իրենից էլ հարցնում էին, թե բիզնեսմեն մարդ ես , ինչու ես այդքան շատ վճարել, պատասխանում էր, թե իրեն չի հետաքրքրում, կարեւորը՝ իրեն փող գա»:
Գյուղապետ Վանո Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Կառադ» ընկերությունը իրենց գյուղում ոչ թե հանք է շահագործել, այլ հետախուզական գործունեություն է ծավալել:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունից այս առնչությամբ Aravot.am-ին տեղեկացրին, որ հանքօգտագործող Սամվել Հարությունյանը հանքը շահագործել է կոպիտ խախտումներով, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ մեր կայքին նախարարությունը կտրամադրի առաջիկայում:
Կարդացեք նաև