«Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով հասարակական կազմակերպությունների կողմից բանակին առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ բանակի ղեկավարության առջեւ թափանցիկ գործելու պահանջին, ըստ էության, կրկնել է այն, ինչ անցած շաբաթ հայտարարել էր ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Ս. Օհանյանը մասնավորապես ասել է, որ «եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնում, ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից»: Նախարարը նաեւ հայտարարել է, թե «մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան` պետության անվտանգության շահի վտանգումը» եւ շարունակել` «դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք եւ ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեեւ շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր եւ փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձեւավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք–զբաղմունքի առաջ, ապա, որպես` բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ–հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, եւ բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ–հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:
«Առավոտի» հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձագանքելով Սեյրան Օհանյանի հայտարարությանն ասաց. «Ցավոք, պետք է արձանագրել, որ պաշտպանական գերատեսչությունը, ի դեմս նախարարի, հրապարակավ աջակցում է Գասպարյան Վովայի այն գնահատականներին, որոնք ուղղված են զինված ուժերում ստվերային երեւույթների, սպանությունների բացահատման, կոռուպցիոն դրսեւորումներում ներգրավված պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու պահանջներ առաջադրած հասարակական կառույցների դեմ: Իսկ դա նշանակում է, որ հենց ինքը` ՊՆ–ն, փորձելով թաքցնել ԶՈՒ–ում տեղի ունեցող հանցագործությունները, աշխատում է բանակի դեմ: Սա ցավալի է: Մյուս կողմից, նախարարը միաժամանակ պետք է պատասխան տա, թե ՆԱՏՕ–Հայաստան «Հանուն գործընկերության» շրջանակներում ստացվող դրամաշնորհային ծրագրերն ի՞նչ արդյունավետությամբ են օգտագործվում եւ արդյոք այստեղ տեղի ունի՞ «գրանտակերություն», թե՞ ոչ: Մի բան է, երբ հասարակական կազմակերպությունն է գրանտ ստանում, այլ բան, երբ գրանտ են ստանում պետական մարմինները, որոնք երկրի պաշտպանության, ազգային անվտանգության հետ կապված լուրջ գործառույթներ ունեն: Մենք ուզում ենք տեսնել, թե ո՞րն է բանակում բարեփոխումներին ուղղված այդ դրամաշնորհի օգտագործման արդյունավետությունը, եթե բանակում շարունակվում են սպանությունները, երբ կոռուպցիոն երեւույթները ԶՈՒ–ում չեն բացահայտվում»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև