Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի՝ պաշտոնանկությունների վերաբերյալ շատ են եղել մեկնաբանություններ, պաշտոնաթողներն էլ են հանդես եկել իրենց հայտարարություններով,եւ ինքն ավելացնելու բան չունի: «Ես, որպես Արտակ Դավթյան, հարգանքով եմ վերաբերվում քաղաքապետի որոշմանը, ուղղակի համոզված եմ՝ անցել է այնպիսի ուղի, եւ ունի եւ՛ աշխատանքային, եւ՛ կրթական այնպիսի ցենզ, որ որտեղ էլ գործի, իր գործունեությունը լինելու է եւ՛ առավելապես հայանպաստ, եւ՛ հայրենիքանպաստ»,- ասաց նա լրագրողներին՝ «Հայելի» մամուլի ակումբում: Նա քաղաքական այս իրադարձությունների շուրջ բարձրացրած աղմուկը բացատրում է նախընտրական շրջանով. «Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանի հետ կապված՝ այդ զարգացումներն ավելի սուր են ընկալվում, քան եթե նմանատիպ երեւույթներ լինեին մեկ տարի առաջ»: Արտակ Դավթյանն անդրադառնալով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այն խոսքին, որ կոալիցիան չունի գաղափարական հենք՝ ասաց. «Բնական է՝ դրանք տարբեր կուսակցություններից են կազմված, եւ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր գաղափարախոսությունը, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ են հասկանում գաղափարական հենք ասելով: Մեկ այլ բան է, որ որոշակի ծրագրեր, որոնք առաջ են քաշում այս կամ այն կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչության ժամանակ ու նաեւ կուսակցության ծրագրերում, նրանք կարող են որոշակի ժամանակաշրջանում ուղղակի իրենց գլխավոր ուղղություններով համընկնել, ինչն էլ առիթ է հանդիսանում կոալիցիաների ծնունդին»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ