Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եռագույնը հաղթանակ է պարտադրում

Նոյեմբեր 01,2011 14:37

Հոկտեմբերը հայ մարզիկների համար հաջող ամիս էր

Խոսքն այս դեպքում մենապայքարային մարտարվեստների ներկայացուցիչների մասին է: Նախ, հոկտեմբերի 1-ին Կիպրոսում ռինգ մտավ հայազգի հունաստանաբնակ մուայ-թայ բռնցքամարտիկ Արթուրոս Ակոպյանը: Նա Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մի շարք հեղինակավոր գոտիների տիրակալ: Պրոֆեսիոնալ 15 մարտերից 7-ն ավարտել է նոկաուտով՝ չկրելով ոչ մի պարտություն: Մրցակիցը Հունաստանի, թերեւս, ամենահայտնին եւ ուժեղը համարվող Մելետիս Կակոումպավասն էր, որի մարզական արդյունքներն ավելի քան տպավորիչ են. 75 մենամարտ, 70-ը՝ հաղթական ավարտով:
Այս երկու մարզիկների հանդիպմանը հանդիսատեսը երկար էր սպասում. փորձառությունն ընդդեմ երիտասարդության: Մարտից առաջ Արթուրոսը հայտարարել էր. «Պարտավոր եմ հաղթել: Դա շատ կարեւոր է ինձ համար: Պիտի խոստովանեմ, որ թեեւ գերազանց մարզավիճակում եմ, բայց դժվարանում եմ մարտի ելքը կանխատեսել: Մրցակիցս շատ խորամանկ է, մենամարտելու հստակ ձեւ չունի եւ միշտ նոր հնարքներ է կիրառում: Ինչ սպասել նրանից՝ ոչ ոք չգիտի: Բայց նա քաջ գիտի, թե որ հակառակորդն ինչի է ընդունակ»: Չնայած մարտի ընթացքում ստացած ոտքի վնասվածքին, մեր հայրենակիցը, այնուամենայնիվ, միավորներով հաղթեց:
Այս մարտից ութ օր հետո Հոլանդիայում ութանկյուն ռինգում հանդիպեցին հոլանդահայ աշխարհի բազմակի չեմպիոն, MMA-ի Հոլանդիայի չեմպիոն Հրաչո Դարպինյանն ու Ֆրանսիան ներկայացնող Սամուել Մոնինին: Ամենամյա «The Battle of Wormer» կոչվող մրցաշարի այս հանդիպման հանդիսատեսն ապշած էր մնացել երկու մարզիկների ուժային հավասարությունից. մինչեւ վերջին րոպեն երկուսն էլ ակտիվորեն գցումներ, ցավեցնող եւ խեղդող հնարքներ էին կիրառում: Սակայն մրցավարները հաղթող ճանաչեցին Հրաչո Դարպինյանին: Հայ մարզիկը մարտից հետո լրագրողներին ասաց. «Եթե հիշում եք, ես վերջին երկու մարտերս տանուլ էի տվել առողջական խնդիրների պատճառով: Առաջինում մեկ օրում չորս կիլոգրամ քաշ էի գցել եւ ռինգում այնքան վատ էի զգում, որ ուշագնաց եղա եւ դա գրանցվեց որպես տեխնիկական պարտություն: Իսկ երկրորդում սննդային թունավորում ունեի, բարձր ջերմություն: Ռինգում նույնիսկ մրցակցիս լավ չէի տեսնում: Այս մեկում, որը տարվա իմ վերջին մենամարտն էր, պետք է հաղթեի: Այս հաղթանակը նվիրում եմ Հայաստանին: Եռագույնը միշտ հաղթանակ է պարտադրում»:
Հոկտեմբերի 21-ին Մոսկվայի «Կորոնա» խաղատանն ընդհանուր մարտերի մարզիկ Դավիթ Խաչատրյանը պետք է հանդիպեր Ռասել Սմիթին: Սակայն անգլիացին դրանից երկու օր առաջ հայտարարել էր, թե հրաժարվում է Խաչատրյանի հետ ռինգ մտնել՝ հայ մրցակցին գնահատելով որպես «ռինգի անպարտելի տիրակալ»: Մրցաշարի կազմակերպիչ ProFC կազմակերպության որոշմամբ՝ Սմիթին այդ օրը պետք է փոխարիներ նույնպես անգլիացի Շահիդ Հուսեինը: Սակայն նա էլ, դիտելով Դավիթի վերջին մարտերը, որոշեց ռիսկի չգալ ու իրեն չվտանգել: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար դեռ ապրիլից սպասվող մարտն այժմ հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 12-ը: Այն կայանալու է Կիեւում: Սակայն Դավիթն ո՞ւմ հետ է մենամարտելու, դեռ հայտնի չէ:
Հոկտեմբերի վերջին օրերին ամերիկյան ութնյակում միմյանց դեմ պիտի ելնեին Հայկ Ծատուրյանն ու մեքսիկացի Օկտավիո Մորալեսը: Օգոստոսին նշանակված այս մարտը նույնպես անընդհատ հետաձգվում էր մեքսիկացու պատճառով: Իսկ Հայկը լրագրողներին արդեն հայտարարել էր. «Ես լիովին պատրաստ եմ: Մորալեսը ասուլիսներից մեկում իմ հասցեին անպատասխանատու հայտարարություններ էր արել: Դրա համար նրան պատժելու եմ ռինգում»: Կայացե՞լ է այդ մարտը, թե ոչ, դեռ տեղեկություն չունենք:


ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930