Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես զսպել ծնողներին

Նոյեմբեր 01,2011 14:22

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ  Գայանե Սողոմոնյանը՝ կրթօջախների dress code-ի եւ ընտրությունների մասին:


«Առավոտը» բազմիցս անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար ԿԳ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող քննություններին: Քանի որ 160-ից ավելի դպրոց գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է այդ քննությունների մասին: Տիկին Սողոմոնյանը շեշտեց, որ ողջ գործընթացը կազմակերպում է ԿԳ նախարարությունը, իսկ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ընդամենը ներկա է լինում քննություններին: Նաեւ կարծիք հայտնեց, որ ամեն ինչ թափանցիկ է եւ օրենքի տառին համահունչ: Մեր զրուցակիցն ասաց, որ կրթության վարչության պետ նշանակվելուց հետո, ինքն էլ շաբաթ-կիրակի օրերին ձեռնամուխ է եղել օրենքների եւ ակտերի սերտմանը, ինչը պարտադիր է դպրոցների տնօրենների պարագայում: «Դպրոցի տնօրենը գործ ունի ուսուցչի, մարդու հետ, ղեկավարը առանց օրենքների իմացության՝ պարզապես պիտի չաշխատի: Եթե դու ղեկավար ես, մարդու հե՛տ ես աշխատում, ուրեմն նրա եւ հեղինակության ու վարկանիշի տերն ես, տերը՝ նրա հոգեբանական ու սոցիալական վիճակի, դու ամբողջովի՛ն ես նրա ղեկավարը, ինչքան ինքը դպրոցում է»,- կարծում է վարչության պետը:
Խոսելով քննությունից «կտրվողների», մասնավորապես՝ աշխատանքային փորձ ունեցող տնօրենների մասին, տիկին Սողոմոնյանն ասաց, որ դա ավելի շատ կապում է նրանց տարիքային, հոգեբանական վիճակի հետ. «Գիտեմ, որ բոլորն էլ պարտաճանաչ պարապել են, ուղղակի հեշտ չէ ամեն տարիքում քննություն հանձնելը, չնայած մեր կյանքն ինքնին քննություն է: Ամեն ինչ այլ է, երբ քննություն ես տալիս հանձնաժողովի առաջ: Բարդույթների հաղթահարման խնդիր կա, մարդու հոգեբանական դաշտի ու նյարդային վիճակի հետ գործ ունես: Չեմ կարծում, թե ոմանց «կտրվելը» զուտ չիմացության արդյունք է»:
«Առավոտի» այն դիտարկմանը, թե այսօր դպրոցների տնօրենների ընտրությունները կանխատեսելի են, քաղաքապետարանի կրթության վարչության պետը պատասխանեց. «Դրանում պետք չէ միտում տեսնել… Եթե հասարակական կարծիքն ու մրցույթի արդյունքը համընկնում են, ուրեմն դա բոլորի հաջողությունն է, ուրեմն դպրոցի տնօրենը կկայանա, դպրոցը, աշակերտը եւ ծնողը կշահեն, ուրեմն դա լավագույն տարբերակն է: Ի վերջո, մեր մրցույթները օրենքով սահմանված կարգով են անցկացվում, եւ դիտորդներ ու լրագրողներ են ներկա լինում: Նախորդ տարիներին չգիտեմ ինչպես, բայց հիմա խորհուրդների անդամների պատասխանատվությունն էլ է մեծացել: Մենք վերջերս խորհուրդների նախագահների համար սեմինար- ուսուցում կազմակերպեցինք, որովհետեւ ոչ բոլոր դպրոցների խորհուրդների նախագահներն են բարձրագույն կրթությամբ կամ շփվում մեր ոլորտի հետ»: Եթե 8 հոգանոց խորհրդի անդամներից 1-ը քաղաքապետարանից է, 2-ը՝ թաղապետարանից եւ 1-ը՝ ԿԳ նախարարությունից, արդյո՞ք դա հնարավոր չի դարձնում ցանկալի թեկնածուին անցկացնելը: Գ. Սողոմոնյանի համոզմամբ՝ ոչ: Նրա խոսքով, դպրոցն ունի իր 4 անդամը խորհրդի կազմում՝ 2 ծնող, 2 ուսուցիչ, քաղաքն էլ փոքր է, բոլորը գիտեն՝ ով ով է:
Մեր զրուցակցի խոսքով, ամեն ոք իրավունք չունի կրթական հաստատության տնօրեն աշխատել. «Արտաքին տեսքը շատ կարեւոր է, տնօրենը պետք է ներկայանալի լինի, սկսած քայլվածքից, պահվածքից, կեցվածքից, հարաբերվելուց, միայն օրենքներն ու կարգերն անգիր անելը անհրաժեշտ կամ բավարար չէ, որ նա տնօրեն ընտրվի»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ կրթական հաստատությունների տնօրենների հագուկապին՝ ոմանք դպրոց են մտնում թափանցիկ տաբատով, լանջաբաց հագուստով եւ այլն: «Հիմա ցավում եմ Ձեր այդ հարցի համար, ուրեմն կա՛ն նման տնօրեններ»: Այն հարցին՝ տնօրենների համար սահմանվա՞ծ է dress code, վարչության պետը պատասխանեց, որ dress code որպես այդպիսին՝ չկա, սակայն, երբ հաճախ է անակնկալ այցեր ունենում դպրոցներ ու եթե որեւէ «շեղում» է նկատում, ապա տնօրենին այդ մասին կա՛մ ինքն է ակնարկում, կամ զգուշացնում կրթության վարչության աշխատակիցների միջոցով. «Հիմա նրանցից ով կարդա այս հոդվածը, կհասկանա, որ ի՛նքն է հոդվածի հերոսը»: Տիկին Սողոմոնյանի ասելով, երբ նոր էր նշանակվել կրթության վարչության պետ, լուրջ աշխատանքներ է տարել հատկապես նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ. «Կրթության համակարգի մեջ կանոնակարգված պետք է լինի այդ ոլորտում աշխատող մարդու ամեն ինչը, որովհետեւ մանկավարժը արտաքին տեսքով էլ է կրթում ոչ միայն երեխային, այլեւ երբեմն ծնողին: Զայրացած դպրոց մտնող հայրերին նա կարող է իր արտաքին տեսքով զսպել, դնել կաղապարի մեջ»: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներին, իրենք հստակ dress code ունեն:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն իրողությունը, որ դպրոցների տնօրենների մեծամասնությունը կուսակցական է, Երեւանի քաղաքապետարանի կրթության վաչչության պետ Գայանե Սողոմոնյանը պատասխանեց. «Ինձ համար կարեւորը մարդկային գործոնն է, օրինակելի տնօրենի կերպարն ու կրթական մակարդակը, կրթության որակը, տնօրենի մասին հասարակական կարծիքը»:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930