Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մայրերը մինչեւ 6 ամսական նորածիններին կրծքով կերակրեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքերով՝ կուրծք ուտող երեխաները 7-10 անգամ քիչ են հիվանդանում եւ 7 անգամ քիչ են մահանում. «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է՝ եւ եթե ոչ մի բան էլ չարվի եւ միայն ապահովվի երեխայի կրծքով կերակրումը, ապա աշխարհում մանկական մահացությունը կկրճատվի 10%-ով»: «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ մեր երկրում հետազոտություն է արվել 2 հազար երեխայի շրջանում, ինչպես տեղեկացրել է նախարարության պաշտոնյան՝ արձանագրվել է, որ մահացած երեխաները կրծքի կաթ են կերել 1 ամիս, իսկ կենդանի երեխաները՝ 5 ամիս, մահացած երեխաների 34%-ն է կրծքով կերակրվել, իսկ կենդանի երեխաների՝ 90%-ը: