Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տիեզերական» մեկնաբանություններ

Նոյեմբեր 01,2011 13:20

 Երբ հոկտեմբերի 18-ի «Առավոտում» ես գրում էի, որ կոալիցիայի մեջ ոչ մի ապահարզան չի լինելու եւ ԲՀԿ-ին ոչ մի վերջնագիր չի ներկայացվել, գործընկերներից շատերն ինձ, հավանաբար, չէին հավատում եւ շարունակում էին ամենաֆանտաստիկ ենթադրություններն անել այն մասին, թե ինչու է այդ ապահարզանը, այնուամենայնիվ, տեղի ունենալու: Այդ վերլուծությունների մեջ ներգրավված էին Արեւելքն ու Արեւմուտքը, Պուտինն ու Քոչարյանը՝ ով ասես եւ ինչ ասես: Դե, ցանկության դեպքում տան կողքի կրպակում գարեջրի բացակայությունն էլ կարելի է կապել Արեւելյան Թիմորում տեղի ունեցած երկրաշարժի հետ:
Հիմա էլ՝ Կարեն Կարապետյանի հրաժարականի մեկնաբանությունները: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ աշխարհի «ուժային կենտրոնները» գիշեր ու ցերեկ մտածում են, թե ով կլինի Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարը, որ դարձյալ այդ պաշտոնը նախկին եւ ներկա նախագահների պայքարի կիզակետում է, որ Կարապետյանի հրաժարականը ուղիղ հետեւանքն է «արաբական գարնան» եւ Լիբիայի քաղաքացիական պատերազմի: Բայց ինչո՞ւ չփորձել հավատալ պարոն Կարապետյանի բացատրություններին եւ չընդունել, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը զուտ անձնական է: Ես էլ, իմ հերթին, փորձեմ ենթադրել. եթե ձեր աշխատավարձը 900 դոլար է, իսկ ձեզ առաջարկում են աշխատավարձ՝ 154 հազար դոլար, դուք չե՞ք մտածի, որ այդ առաջարկն արժե ընդունել: Ես, օրինակ, կմտածեի՝ չնայած մեծ դժկամությամբ կգնայի Հայաստանից: Տվյալ դեպքում գումարվում է նաեւ այն, որ գազը պարոն Կարապետյանի համար շատ ավելի հոգեհարազատ գործ է, քան քաղաք ղեկավարելը: Դուք, իհարկե, քմծիծաղ կտաք եւ կհարցնեք՝ մի՞թե Երեւանի քաղաքապետը աշխատավարձի հույսին է: Սակայն այդ դեպքում էլ փորձենք գոնե զուտ տեսականորեն ընդունել, որ Հայաստանում կարող է լինել բարձրաստիճան պաշտոնյա, որը գող ու ավազակ չէ:
Հիմա, երբ Կարեն Կարապետյանը այլեւս քաղաքապետ չէ, եւ ոչ ոք ինձ չի կարող մեղադրել նրան հաճոյանալու մեջ, ուզում եմ ասել՝ նա ճիշտ էր վարվում, երբ վճռականորեն արգելում էր փողոցային առեւտուրը եւ ապամոնտաժում էր անօրինական կրպակները: Հուսով եմ, որ Տարոն Մարգարյանը նույնքան վճռական կլինի եւ չի ընկրկի իր հանրապետական «ախպերության» պահանջների եւ խնդրանքների առաջ ու կմտածի միայն կրպակատերերին նոր աշխատավայրեր հատկացնելու եւ ոչ թե կրպակների դեմ պայքարը դադարեցնելու մասին: Ժամանակն է հրաժարվել ասիական «բազարի» օրենքներից ու մտածելակերպից:
Հիմա էլ ոստիկանապետի պաշտոնում է փոփոխություն կատարվել: Պատկերացնում եմ, թե «մոլորակների շքերթի» մասին ինչպիսի~ «խորը վերլուծություններ» են անելու մեր մեկնաբանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930