Օգոստոսի 26-ին «Շինարարն ընդդեմ լրագրողի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում, դատավոր Արշակ Շահոյանի նախագահությամբ, քննվում է «Իջեւանի ՃՇՇ» ընկերության հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի: «Իջեւանի ՃՇՇ» ընկերությունը պահանջում է պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ընկերության՝ Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ընկերությունից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, եւս 264 դրամ՝ որպես դատական ծախս:
Հայցվորը պնդում է, որ «Իջեւան ստուդիան» այլ հեռուստաընկերությունների եթերներով տարածել է տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ-ի» գործարար համբավը արատավորող արտահայտություններ:
Օգոստոսի 18-ին սկսված եւ ընդմիջումներով մինչ օրս շարունակվող դատավարությանը լրագրող Նաիրա Խաչիկյանը չի մասնակցել, դատարանում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Գարիկ Գալիկյանը. «Իջեւան ստուդիան» դատապաշտպան չունի: Այս ընթացքում դատարանում ցուցադրվել են խնդրահարույց տեսանյութերը, կողմերը ներկայացրել են իրենց նկատառումները:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Մեծ է հավանականությունը, որ դատավոր Արշակ Շահոյանը կհրապարակի վճիռը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ