Հոկտեմբերի 6-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Տավուշի մարզի Հովք գյուղի բնակչուհի, 55-ամյա Զոյա Ջումայանը: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Կինը պարբերաբար երեկոները տուն չի եկել, եւ երբեմն հարազատները նրան հայտնաբերել են գիշերվա ժամը 3-ին: Զոյայի հարազատները համապատասխան փաստաթղթեր են պատրաստել, որ դատարանի վճռով նա անմեղսունակ ճանաչվի եւ տեղափոխվի հոգեբուժական հիվանդանոց: Այդ գործընթացը տեւել է գրեթե մեկ տարի: Այդ օրը, երբ Զոյան անհետ կորել է, ստացվել է դատարանի վճիռը: Նրա անհետանալուց ավելի քան երեք շաբաթ է անցել, սակայն կնոջը դեռ չեն հայտնաբերել:
Որոնումներին մասնակցում են կնոջ ամուսինը, որդին, հարազատները: Զոյայի ամուսինը համոզված է, որ կինն անպայման հայտնաբերվելու է ոստիկանների կողմից: Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը գնացել է բախտագուշակի մոտ: Վերջինս էլ ամուսնուն հուսադրել է. «Ոստիկանները գտնելու են քո կնոջը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ