Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը հաստատում է իր պաշտոնանկության մասին լուրը

Նոյեմբեր 01,2011 12:19
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը։

«Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», – ասաց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․ – «Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչո՞վ եք բացատրում պաշտոնից ազատվելը, գուցե վատ աշխատանքո՞վ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել․ – «Որովհետեւ իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որեւիցէ հարց ոստիկանության բացի հետ կապված այս պահին չունեմ»։

Ոստիկանապետը նաեւ վստահություն հայտնեց, որ իրեն փոխարինողն էլ «պատահական մարդ» չէ։

«Պրոֆեսիոնալ ա, նորմալ ա, որեւիցէ խնդիր չկա», – ասաց Ալիկ Սարգսյանը։ Մեր ճշտող հարցին՝ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասի՞ն է խոսքը, ոստիկանապետը պատասխանեց կարճ՝ «այո»։

Ալիկ Սարգսյանը դեռեւս տեղյակ չէ, թե իրեն ինչ նոր պաշտոնի են տեղափոխում, չնայած մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Ոստիկանապետը նշեց, որ այժմ գնում է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ ամեն ինչ պարզ կլինի մեկ ժամից։

«Ինչ էլ առաջարկի հանրապետության նախագահը՝ ես քննարկելու ոչինչ չունեմ, առանձնապես պաշտոններ չեմ սպասում։ Նախագահը ոնց որոշի՝ պատրաստ եմ ծառայել, էդ իմ կոչումն ա, ես ուրիշ կոչում այս պահին չունեմ», – եզրափակեց Ալիկ Սարգսյանը։

Ռուզաննա Ստեփանյան
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930