Երեկ ուշ երեկոյան իշխանական շրջանակներից լուրեր տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անել եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին։ Ավելի ուշ այս լուրը տարածեցին նաեւ ինտերնետային կայքերը՝ հղում անելով իրենց լավատեղյակ աղբյուրներին։ Տարածված լուրերի իսկությունը մենք փորձեցինք պարզել անձամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից:
– Որտեղի՞ց են այդ լուրերը շրջանառության մեջ դրվում եւ ինչո՞ւ:
– Ես չեմ կարող որեւէ բան պատասխանեմ։ Ես նորմալ ծառայում եմ։ Իրա (Սերժ Սարգսյանի.–խմբ.) կողքն եմ լինելու մինչեւ վերջ։ Անկախ տեղափոխություն կանի, չի անի, ես, միեւնույն է, իր կողքն եմ լինելու մինչեւ վերջ։ Ես ուրիշ ոչ մեկի կողմը չեմ։ Իրա հետ աշխատելու եմ մինչեւ վերջ, չաշխատեմ էլ՝ իրան հավատարիմ, ես իրա կողքը լինելու եմ։ Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչեւ վերջ։ Ոչ մի բան տեղյակ չեմ։ Ես թիմից թոնող չեմ, իրա կողքն եմ լինելու, մարդավարի ծառայելու եմ մինչեւ վերջ: Ես տեղափոխվելու, նոր ընտրության ոչ կարիք ունեմ, ոչ էլ մտադրություն, ոչ էլ իրանից երբեւիցէ կնեղանամ: Մարդ ես՝ մի օր էլ պետք է տեղափոխվես, ոչ մի պաշտոն հավերժական չի, մի օր նշանակվում ես, մի օր էլ տեղափոխում, կամ էլ մի օր հանում են, նորմալ է: Եթե նույնիսկ նման բան լինի, էլի շատ գոհ եմ, շնորհակալ եմ, մարդը ինձ միշտ վստահել է:
– Պարոն Սարգսյան, ըստ լուրերի, ձեր փոխարեն Վովա Գասպարյանն է ոստիկանապետ նշանակվել: Ի՞նչ կասեք։
Կարդացեք նաև
– Չե՞ք հավատում ինձ։ Ազնվորեն եմ ասում, ես ոչ մի տեղեկություն չունեմ։
– Ցանկանում էի ճշտել, ձեզ հասած լուրերով է՞լ է այդպես։
– Ես էլ տենց տարբեր բաներ եմ լսել: Ես էլ եմ այսօր քաղաքից լսել։ Ինձ էլ զանգում, ասում են՝ տենց բան կա, բայց ես տեղյակ շեմ, ինձ օֆիցիալ որեւիցե մեկը բան չի ասել։ Հավատա։ Եթե չգիտեմ, ի՞նչ ենթադրություններ անեմ։ Իմաստ ունի՞ ենթադրություններ անել: Միայն մի բան եմ ասում, ուր էլ փոխի,
գործից էլ հանի, շնորհակալ եմ Աստծու չափ։ Ես իրա (Սերժ Սարգսյանի-խմբ.) կողքն եմ լինելու, անկախ ամեն ինչից, օրերը կգան, կհամոզվես։ Ես ոչ մի տեղ թոնող չեմ, ոչ մի բան իմ կյանքում չի փոխվելու։ 55 տարեկան մարդ եմ, իմ ինչ
տարիքն Է, ոչ Էլ Էս ամեն ինչից կարող եմ զարմանալ:
«Հայկական ժամանակ»